Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը կրտսեր որդու ծննդյան խնջույքից լուսանկարներ է հրապարակել

Keeping Up With the Kardashians իրապատում շոուից հայտնի Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները հայտնի են շքեղ ծննդյան երեկույթներ կազմակերպելու սովորությամբ, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով Քիմ Քարդաշյանի տարածած նոր լուսանկարները կրտսեր որդու 2-րդ տարեդարձից։

Լուսանկարներում, որոնք 40-ամյա հեռուստաաստղը հրապարակել է իր ինստագրամյան էջում, Քարդաշյանի նախկին ամուսինն ու երեխաների հայրը չկա։ Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը մի քանի ամիս առաջ հայտարարել էին ամուսնալուծության մասին՝ ամուսնությունից 7 տարի անց։

Լուսանկարներին կից SKIMS, KKW Beauty և KKW Frangrance ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր Քիմ Քարդաշյանը գրել է․ «Փսալմը դարձավ 2 տարեկան»։ Ինչպես երևում է լուսանկարներից՝ ծննդյան խնջույքը կազմակերպվել է շինարարական տեխնիկայի թեմայով։

Լուսանկարներում Քիմ Քարդաշյանը կրում է սև շապիկ, սև տաբատ և սպորտային կոշիկներ։ Փսալմը ներկայացել է շինարարական ժիլետով և զինվորական համազգեստի նախշերով տաբատով՝ կրելով Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկներ։

Ծննդյան խնջույքին եղել են ավազե տարածքներ, մեծ գնդեր՝ նախատեսված դրանց մեջ մտնելու և վազելու համար, խաղեր և փինիաթա (թղթյա պարկ, որին գավազանով հարվածելիս պատռվում է և միջից քաղցրեղեն է թափվում)։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս