Բաժիններ՝

Մուշի ոստիկանները բացահայտել են դանակահարությունը

Մայիսի 17-ին, ժամը 22.40-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Մուշի բաժին. կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության էր տեղափոխվել

Շիրակացու փողոցի շենքերից մեկի բնակիչ, 39-ամյա տղամարդ:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ, սակայն, շատ բան պարզել չհաջողվեց: Ըստ բժշկի տեղեկանքի` տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Հարուցվեց քրեական գործ, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ շուտով տեղեկություններ ստացվեցին, թե ով և որտեղ է դանակահարել տուժածին: Հետագա գործողություններով տեղեկությունները հաստատվեցին:

Արդեն հաջորդ օրը, երեկոյան ժամը 10-ին, Շիրակացու փողոցի նույն շենքի մոտ հայտնաբերվեց և, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման ենթարկվեց տուժածի 67-ամյա հարևանը: Նա խոստովանեց, որ մայիսի 17-ին իրենց շենքի մոտ ծագած վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել հարևանին:

Թոշակառու տղամարդը նաև հավելեց, որ դանակահարված հարևանը հասցրել էր խլել դանակը, և ինքը չգիտի, թե այն հիմա որտեղ է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Թոշակառուն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս