ԵԽԽՎ զեկուցողը շահագրգիռ է պատերազմի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման հարցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Փոլ Գավանը մայիսի 20-ին այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Քննարկվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, դրանցով պայմանավորված քրեաիրավական գործընթացներին վերաբերող հարցեր:
«Գլխավոր դատախազը ԵԽԽՎ զեկուցողի գործունեությունը կարևորել է ռազմական ագրեսիայի իրական նախահարձակ կողմի մատնանշման, պատերազմի հումանիտար աղետալի հետևանքների ծավալների, Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի աղաղակող խախտումների վերաբերյալ միջազգային հանրության մոտ անաչառ պատկերացումներ ունենալու տեսանկյունից: Արթուր Դավթյանը լիարժեք պատրաստակամություն է հայտնել փաստահավաք գործընթացի շրջանակներում զեկուցողին տրամադրելու հայկակն կողմի տրամադրության տակ գտնվող, քրեական վարույթներով ձեռք բերված և հստատված անհրաժեշտ ապացույցները և տվյալները, բաց, անկաշկանդ համագործակցելու խնդրո առարկային վերաբերող ցանկացած հարցի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների բացահայտման և քրեաիրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ իրականացվող քննությունների հիմնական ուղղությունները: Նա հատուկ շեշտադրել է այն հանգամանքը, որ նմանատիպ հանցագործությունները շարունակվել են ոչ միայն բուն ռազմական գործողությունների ընթացքում, այլ նաև 2020թ. նոյեմբերի 10-ին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: «Դրանք կապված են ինչպես հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարումների, դրանից հետո նրանց նկատմամբ կատարված խոշտանգումների, սպանությունների, այնպես էլ՝ հայկական հոգևոր-մշակութային արժեքները, կոթողները, հայերի գերեզմանները դիտավորյալ և պլանավորված կերպով պղծելու, վնասնելու, ոչնացնելու հետ: Դրանց վերաբերյալ ապայցուցողական տվյալները կփոխանցվեն ԵԽԽՎ զեկուցողին»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Փոլ Գավանը նշել է, որ շահագրգիռ է պատերազմի և դրա հումանիտար հետևանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման հարցում: Նա ափսոսանք է հայտնել առայժմ Ադրբեջան այցելելու անհնարինության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այդ բացը կլրացվի:
Փաստահավաք առաքելության և դրա արդյունքների օբյեկտիվության տեսանկյունից ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է զեկուցողի կողմից Ադրբեջան այցելելու, այնտեղ ապօրինաբար, միջազգային հումանիտար իրավունքի, հրադադարի հաստատաման եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ Ադրբեջանից հստակ տվյալներ ստանալու, այդ անձանց իրական վիճակին, պահման պայմաններին, նրանց իրավունքների խախտումներին ծանոթանալու կարևարությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ ադրբեջանական կողմը, չնայած ՀՀ դատախազության կողմից ներկայացված ապացույցներին, շարունակում է թաքցնել իր տիրապետության տակ գտնվող կոնկրետ անձանց գտնվելու հանգամանքը, ավելին շինծու, ապօրինի քրեական գործեր են հարուցվել նրանց նկատմամբ և այդ անձանց խնդիրը ծառայեցվում է այլ նպատակների:
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Պոլ Գավանը տեղեկացվել է նաև պատերազմի ընթացքում Թուրքիայի օժանդակությամբ դեպի Ադրբեջան հազարավոր սիրիացի վարձկան ահաբեկիչների տեղափոխման, արցախի բնակչության դեմ ահաբեկչական նպատակներով նրանց ներգրավման, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան մասշտաբային ձևով նախապատրաստելու, պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների կիրառության վերաբերյալ հայկական կողմի ունեցած ապացույցների և դրանք ևս անհրաժեշտության դեպքում տրամադրելու պատրաստակամության մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դատախազության և ԵԽ երևանյան կառույցի միջև աշխատանքային կարգով անհրաժեշտ հաղորդակցության ապահովման ուղղությամբ: