Գլխավոր շտաբում գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկատվություն չկա. ՀՀ ՊՆ
2020 թվականի սեպտեմբերի 20-ին սկսված և նոյեմբերի 9-ին ավարտված Արցախյան վերջին պատերազմի ավարտից 6 ամիս անց Տիգրան Աթոյանը շարունակում է փնտրել իր որդուն. վերջինս պատերազմից չի վերադարձել, չգիտեն՝ որդին գերեվարվա՞ծ է, թե՞ ոչ։
«Էլ կառույց չմնաց, որ չդիմենք. այս 6 ամիսների ընթացքում բոլորին դիմել ենք։ Չգիտենք՝ մեր տղան գերի՞ է, թե՞ ոչ. անհետ կորած է մինչ այս պահը, և, առհասարակ, գերիների և անհետ կորածների հարցով Հայաստանում որևէ մեկը չի զբաղվում, եթե զբաղվեին, մինչև հիմա մի բան արած կլինեին։
Փաշինյանին էինք հանդիպել մի քանի անգամ, էլ հանդիպելու ցանկություն էլ չունեմ. ոչ մի կերպ չեն կարողանում լուծում տալ։ Այս վիճակում միայն իմ 26-ամյա տղան չէ. 40 հոգի Էջմիածնից ունեինք անհետ կորած. 40-ից 5-ին արդեն հուղարկավորել ենք։ Հիմա էլ որոշեցի դիմել Պաշտպանության նախարարությանը, բայց այնտեղից տեղեկացրել են, որ ոչ մի տեղեկություն չունեն»,- ասաց Տիգրան Աթոյանը։
Նշենք, որ Պաշտպանության նախարարություն գրությունն ուղարկվել է Տիգրան Աթոյանի կնոջ՝ Անահիտ Ադամյանի անունով. ստացված պատասխանում նշված է.
«Ի պատասխան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ձեր կողմից հասցեագրված գրության՝ հայտնում ենք, որ ԶՈՒ ԳՇ-ում գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկատվություն չկա։ Տեղեկատվություն ստանալուն պես դրանք տրամադրվում են համապատասխան կառույցներին»։