Ստորագրելու է Հայաստանի կապիտուլյացիան՝ դրանով արդարացնելով Ադրբեջանում մեր գերիների լինելը

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ տելեգրամյան իր ալիքում հրապարակել էր այն հայտարարության լուսանկարը, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ։ Ըստ ստորագրվող փաստաթղթի՝

1/ ստեղծվելու է հանձնաժողով, որը ամրագրելու է խաղի կանոնները Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար,

2/ դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի,

3/ Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել,

4/ նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթերը պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ այո՛, ստորագրելու է այդ փաստաթուղթը, քանի որ այն 100 տոկոսով բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը շեշտեց ճիշտ հակառակը՝ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը դառնալու է Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթ։

«Եթե գործ ունենայինք իրար հետ ոչ մի խնդիր չունեցող պետությունների հետ, ապա ցանկացած նման փաստաթղթի ստորագրումից առաջ պետական բոլոր ինստիտուտները մասնակցություն կունենային դրա մշակմանը, որովհետև պահանջներն այդպիսին են, իսկ պատկերացրեք, թե ի՞նչ պահանջներ կան իրար նկատմամբ բացահայտ թշնակական վերաբերունք ունեցող պետությունների դեպքում։ Հիմա փաստացի բանակցություններ են տեղի ունեցել, որին չի մասնակցել Հայաստանի պետական որևէ ինստիտուտ, և մենք հիմա գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մի հոգի որոշել է, որ իր իմացածը բացարձակ ճշմարտություն է, և առանց որևէ հիմնավորման կայացրել է որոշումներ։ Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթին, ապա ցանկացած մեկը, որը գիտի Հայաստանի պատմությունը, կփաստի՝ դա Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթ է, ու հենց կապիտուլյացիայի փաստաթղթում պետք է սահմանված լինեին այնպիսի կետեր, որոնք սահմանված են ստորագրվելիքում, իսկ դրանց կիրառման դեպքում Հայաստանի զարգացումն այս տարածաշրջանում դառնում է անհնար։ Մենք ունենում ենք Հայաստանի տարածքի ներսում ադրբեջանական անկլավներ, իսկ մենք գիտենք, որ այդ դեպքում Հայաստանի ներսում ապրելու են Հայաստանի նկատմամբ թշնամական հստակ դիրքորոշում ու քաղաքականություն վարող քաղաքացիներ։ Այդ փաստաթղթով հայաթափման վտանգի առաջ են կանգնած Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերը»,- ասաց Գեղամյանը։

Ըստ նրա՝ սահմանազատման գործընթացը տեղի է ունենալու առանց որևէ հիմնավորման, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչո՞ւ է վերցվում ոչ թե 1920 թվականի, այլ 1928 թվականի քարտեզները, իսկ սա նշանակում է, որ որևէ պետական ինստիտուտ չի մասնակցել որոշումների կայացմանը և այս պայմաններում արված սահմանազատումը լինելու է ի վնաս Հայաստանի, և Տավուշի մարզի գյուղերը վերադարձնելու են, առանց խոսելու, օրինակ, Արծվաշենը վերադարձնելու մասին։

«Այդ սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու է այն բոլոր պատերազմական հանցագործությունները, որոնք Ադրբեջանը կատարել է Հայաստանի, Արցախի նկատմամբ, արդարացվելու է Գուրգեն Մարգարյանի սպանությունը, արդարացվելու է հայ գերիների՝ Ադրբեջանում գտնվելը, և ստացվում է, որ արդարացնում է Ադրբեջանին ու հիմք ստեղծում հաջորդիվ նմանատիպ գործողությունները կրկնելու համար։ Փաշինյանի ստորագրությամբ Ստեփանակերտը կդառնա Ադրբեջանի տարածք, և մենք վերջնականապես կկորցնենք Արցախը, և Արցախում ապրողները կլքեն իրենց պատմական հայրենիքի այդ մասը, որովհետև Ադրբեջանի կազմում ապրել չի լինելու»։

Պատմական գիտությունների թեկնածուի համոզմամբ՝ այս փաստաթուղթը պետք է պետական որևէ մարմին չընդունի և հրաժարվի դրա կետերի կատարումից. Եթե, օրինակ, հերթը հասնի Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին զիջելուն, ապա պետք է բանակը դա թույլ չտա։

«Բանակը պետք է պահպանի մեր հայրենիքի այդ հատվածի սահմաններն ու բնակչության անվտանգությունը»,- ասաց Վարուժան Գեղամյանը:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս