Թուրքիային հանել Արցախում ռուս-թուրքական մոնիտորինգային խմբից, ստեղծել գործող մեխանիզմներ՝ պահանջով Ադրբեջանից վերադարձնել հայ ռազմագերիներին. ՌԴ դեսպանատան մոտ ակցիա կանեն

Հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ վաղը՝ մայիսի 21-ին, ժամը 11:00-ին հավաքվելու են Հայաստանում  Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նամակ են փոխանցելու, որտեղ առաջ են քաշված մի շարք հարցեր:

«Հիմնական հարցերից է՝ Թուրքիային հանել Արցախում ռուս-թուրքական մոնիտորինգային խմբից, որովհետև ցեղասպան է  և Արցախի փեշերին անելիք չունի, երկրորդ կետն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայ փախստականներն ու տեղահանվածները պետք է վերադառնան, իսկ Ադրբեջանը արգելափակել, ռազմակալել է այդ տարածքները: Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ ենք պահում այն մասին, որ դիմում ենք Մինսկի խմբին և ՄԱԿ-ին, որ ստեղծեն գործող մեխանիզմներ՝ մշակութային ցեղասպանությունը կանխելու համար:

Պետք է նաև ստեղծել գործող մեխանիզմներ՝ պահանջով Ադրբեջանից վերադարձնել հայ ռազմագերիներին, ինչպես նաև ՀՀ տարածքային ամբողջականության խախտման դեմ ընդվզել: Շեշտում ենք, որ ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը՝ կոնֆլիկտը կանխելու մեջ, պասիվ է»,- մանրամասնեց Մարիամ Ավագյանը:

Նրա խոսքով, մենք այսօր տեսնում ենք, որ Ռուսաստանը ռևերանսներ է անում դեպի Թուրքիա:

«Անընդհատ ասում են՝ չդիմեցինք ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով, և այլն, ես ավելի քան վստահ եմ, որ Նիկոլի երկու ականջները Պուտինի մատների արանքում են: Մենք միշտ եղել ենք արտաքին կառավարման տակ:  Դրսից ինչ թելադրել, այն էլ արել ենք, ու հիմա նույն վիճակն է: ՀԱՊԿ-ը հստակ ունի ռազմական պայմանագիր Հայաստանի հետ, ու այսօր կասկածի տակ է  դրվում ՀՀ պետականությունը և հայության անվտանգությունը: Մենք կանգնած ենք ցեղասպանության առջև, որը պետք է կանխել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս