ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար․ Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է, թե որ դեպքում պայմաններ կստեղծվեն ադրբեջանական կողմի հետ քննարկումների հնարավորություն դիտարկելու համար:
Ի պատասխան 168.am-ի հարցերին՝ կա՞ արդյոք 2-րդ փաստաթուղթ, թե՞ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ներկայացրած փաստաթուղթը միակն է, որի գոյությունն այսօր կառավարության նիստում հաստատեց նաև Նիկոլ Փաշինյանը, և արդյոք ՀՀ Արտաքին գործերի նախարարը տեղյակ եղե՞լ է դրա մասին, մասնակցե՞լ է այդ փաստաթղթի բանակցմանն ու կազմմանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երկու հարցերին ի պատասխան՝ արձագանքել է՝ նշելով.
«Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար»:
Հիշեցնենք, որ նախօրեին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ փաստաթուղթ հրապարակեց՝ հաղորդելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հերթական հակահայկական փաստաթղթի ստորագրմանը թշնամու հետ, որով նախատեսվում է Ադրբեջանին հանձնել նաև Տավուշի մարզի մի շարք գյուղեր։ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ այս տեղեկությանը՝ նշելով, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը, և, որ իբրև թե այն 100%-ով համապատասխանում է ՀՀ շահերին: