Հունաստանում չեն կարողանում գլուխ բերել անտառային հրդեհի մարումը Լուտրակի քաղաքի մերձակայքում
Հրշեջներն զգալիորեն մեծացրել են ուժերի խմբավորումն անտառային սաստիկ հրդեհը մարելու համար, որը բռնկել է Կորնթոսի ծոցի ափին գտնվող Լուտրակի քաղաքի մերձակայքի Սխինոսի շրջանում, Աթենքից 80 կիլոմետր դեպի արևմուտք:
«Ուժեղացվում է հրշեջների խումբը Սխինոսում, Կորնթոսում: Աշխատելու են 182 հրշեջներ՝ 7 հետիոտն խմբերով, 62 ավտոմոբիլներ, ութ հրշեջ ինքնաթիռներ, ինը PZL ինքնաթիռներ, 1 CHINOOK ուղղաթիռ և երկու ուղղաթիռ՝ օդից համակարգելու համար»,-ասվում է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:
Ուղարկվել են տեղի վարչակազմի ջրբերներ և հրշեջ-կամավորներ: Ուժերը համակարգվում են հրշեջ ծառայության պետի կողմից: Հրդեհն անտառային զանգվածում սկսվել է երեկոյան մոտավորապես ժամը 10-ին (Երևանի ժամանակով 11-ին): Դրա մարման համար մոբիլիզացվել է 54 հրշեջ և երկու հետիոտն խումբ, 21 մեքենա:
«Էթնոս» հրատարակության հաղորդման համաձայն, իշխանությունները տարհանել են Սխինոս ավանի շուրջ 200 բնակչի: Skai հեռուստաալիքը հաղորդել է, որ տարհանվել է վեց գյուղ և երկու վանական միաբանություն, թեև մարդկանց կյանքի համար սպառնալիքներ չեն եղել: Խոշոր հրդեհն առաջացել է Հերանեայի լեռներում, խիտ բուսականություն ունեցող սոճու անտառում: Հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ գիշերը հնարավոր չի եղել գործարկել:
Skai-ի տեղեկատվության համաձայն, հրդեհն սկսվել է ձիթապտղի պուրակում, կրակն արագորեն տարածվել է ուժեղ քամու պատճառով, որի պոռթկումները վաղ առավոտյան ըստ Բոֆորթի սանդղակի հասել են 7 բալի:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրո ճակատը գերազանցում է 10 կիլոմետրը:
Ծուխը գիշերը հասել է մինչև Աթենք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: