«Մեր պետությունը այլոց շահերի համար որպես մանրադրամ են օգտագործում, ինչը մեր երկրի ղեկավարի պաշտոն զբաղեցնողը մեր շահերից բխող է ներկայացնում»․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջան կոչվող պետությունը պատանդ է պահում Հայաստանի քաղաքացիների, որոնց վերադարձի մասին պայմանավորվածություն էր ստորագրել Նիկոլ Փաշինյանը:

Նա այժմ մտադիր է այլ փաստաթուղթ ստորագրել՝ չնայած նրան, որ նախորդի պայմանավորվածությունը Ալիեվը չի կատարել:

Տարածաշրջանային, այսպես կոչված, կոմունիկացիաների բացումը Հայաստանի պետական, այդ թվում տնտեսական շահերի տիրույթում չէ: Քանզի դա այն մեխանիզմն է որով Հայաստանը կդառնա ռեսուրս պետություն՝ այս անգամ ոչ թե միայն մեկ պետության համար, այլ պետությունների խմբի, որոնցից ազատվելը անհնարինին հավասար կլինի (մինչև հաջորդ տարածաշրջանային մեծ պատերազմ):

Հայաստանը պատրաստ չէ թշնամի պետությունների հետ ճանապարհներ բացելու և տնտեսական օգուտներ քաղելու, քանզի տարածաշրջանային քաղաքական խնդիրները լուծված չեն, մասնավորապես Արցախինը: Եվ տնտեսական շահեր ստեղծելու միջոցով առկա քաղաքական բարդ խնդիրները անհնար է լինելու լուծել:

Մեր պետությունը այլոց շահերի համար որպես մանրադրամ են օգտագործում, ինչը մեր երկրի ղեկավարի պաշտոն զբաղեցնողը մեր շահերից բխող է ներկայացնում:

Եթե առ այսօր այլոց համար մենք ռեսուրս էինք հանքահումքային և մարդկային կապիտալի տեսքով, ապա այս համաձայնությունների իրագործման դեպքում մենք կդառնանք ռեսուրս նաև մեր ամբողջ տարածքով և Հայաստանի ինքնիշխան և զարգացող պետության կայացումը այլևս անհնար կլինի:

Հարգելի հայրենակիցներ, համոզված եղեք, որ աշխարհը մրցակցում է ռեսուրսների համար և չկան ատելի ազգեր: Կան մշտական տնտեսական շահեր և եթե որևէ պետություն թույլ և արժեք չստեղծող է, ապա նրան այլոց զարգացման համար որպես ռեսուրս են օգտագոծելու, ինչը հիմա փորձում են անել մեր պետության հետ»:

Տեսանյութեր

Լրահոս