Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել իր ծնվելուց առաջ գնված գույքը ձեռք բերելու համար. փաստաբան
Այսօր առավոտյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը տարածեց հայտարարություն, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո ՀՔԾ է հրավիրվել Արմեն Գևորգյանը:
ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ՀՔԾ է հրավիրվել 2020թ. ապրիլի 16-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, սակայն այն ժամանակ մեղադրանք չէր առաջադրվել, ուստի, Արմեն Գևորգյանի մեկնաբանությամբ՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ փողերի լվացման համար, և խոսքը մոտ 5 մլրդ ՀՀ դրամ օրինականացնելու մասին է:
Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ուշադրությունը հրավիրեց մեղադրանքում առկա մի քանի հանգամանքի վրա:
«Շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի, որովհետև երբ խոսքը գնում է փողերի լվացման մասին, մենք պետք է հասկանանք՝ մեղադրանքի բովանդակությունն ինչպիսին է: Այսինքն՝ Արմեն Գևորգյանի հարազատների, կնոջ, հնարավոր բոլոր հարազատների գույքերի վրա արգելանք է դրվել, և ըստ մեղադրանքի՝ իբրև թե այդ գույքերը ձեռք են բերվել Արմեն Գևորգյանի կողմից: Անհասկանալի է այս մեղադրանքը, թե իրենք ինչում են մեղադրում Արմեն Գևորգյանին: Ասում են, որ փողերի լվացման արդյունքում է, որ այս գույքերը ձեռք են բերվել:
Խոսքը գնում է այն գույքերի մասին՝ առնվազն գոնե, օրինակ, կնոջ հարազատների գույքերի և նյութական միջոցների մասին, որոնք առկա են եղել նույնիսկ մինչև Արմեն Գևորգյանի ծնվելը: Այսինքն՝ այս աստիճանի աբսուրդ իրավիճակ է ստեղծվել, երբ մեղադրում են, որ այդ գույքերը ձեռք են բերվել պաշտոնավարման տարիներին Արմեն Գևորգյանի կողմից: Նրանք չեն փորձում հասկանալ, և խոսքը գնում է այնպիսի անձանց մասին, որոնք շատ լուրջ նյութական միջոցներ են ունեցել, նորից եմ կրկնում, մինչև Արմեն Գևորգյանի ծնվելը: Նույնիսկ խոսք չի գնում ամուսնությունից առաջ ձեռք բերելու մասին և այլն… Այնպես որ, հասարակության համար պետք է պարզ լինի, թե ինչ աստիճանի աբսուրդի է հասել ՀՔԾ-ն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանի խոսքով՝ ՀՔԾ քննիչները մեղադրանքում թվարկել են, որ Արմեն Գևորգյանի հարազատներն ունեն գույք, հայտարարագրել են, ու ՀՔԾ-ն էլ գտել է, որ դրանք ձեռք են բերվել Արմեն Գևորգյանի միջոցներով:
Հարցին, թե մեղադրանքում ներկայացվե՞լ են ապացույցներ, փաստական հանգամանքներ կամ ցուցմունքները, Սահակյանը նշեց, թե բացարձակ ոչ մի ապացույց չի ներկայացվել: Փաստաբանի խոսքով՝ արարքը որպես փողերի լվացում որակելու համար անհրաժեշտ է, որ լինի հանցավոր ծագում ունեցող գույք, միջոցներ, որոնք հետո օրինականացման ճանապարհ անցնեն:
«Չկա, այդպիսի գործողություն չի մեղսագրվում Արմեն Գևորգյանին… Սա ուղիղ քաղաքական հետապնդում է, և նրանք նպատակ ունեին դեռևս 1 տարի առաջ ուղղակի գույքերի վրա կալանք դնել, սա է եղել ամբողջ խնդիրը: Իսկ այսօր արդեն, նման հայտարարությունից հետո, երբ հայտնի է, թե այս ընտրություններում ինչպիսի դիրք պետք է զբաղեցնի Արմեն Գևորգյանը, նրանք որոշեցին արդեն կոնկրետ քրեական հետապնդում սկսել և կոնկրետ մեղադրանք առաջադրել»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Նշենք, որ Արմեն Գևորգյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում