Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը պատրաստվում է պաշտոնը լքել. աշխատանքի ակտիվ փնտրտուքների մեջ է

Ներկայիս կառավարությունը հասկացել է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այլևս պիտանի չէ այդ պաշտոնում, և մինչ հայրենիքը հանձնելու գործընթացն ավարտին հասցնելը փորձում է գտնել վերջինիս փոխարինողին:

168.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Տաթևիկ Ռևազյանն էլ իր հերթին՝ աշխատանքի ակտիվ որոնումների մեջ է․ ի դեպ, նա փորձում է աշխատանք գտնել արտասահմանում:

Այն, որ Տաթևիկ Ռևազյանը, ով առանց փորձի, ուղղակի, պատահականության սկզբունքով, միայն որովհետև քայլողների թիմում միակ մարդն էր, որ ավիատոմս էր տեսել, հայտնվեց ՔԱԿ նախագահի պաշտոնում, և իր կենսագրությունը շատ ավելի «գայթակղիչ» դարձրեց՝ ինչ-որ ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության մենեջերից դառնալով մի երկրի ավիացիոն իշխանության ղեկավար, մեղմ ասած, իր կողմից շահած ջեքփոթ էր:

Սա, իհարկե, Տաթևիկ Ռևազյանի՝ մեր երկրից ստացած օգուտն էր, իսկ ի՞նչ է նա թողնելու Հայաստանի ավիացիոն ոլորտին՝ որպես իր պաշտոնավարման արդյունք. ԵՄ «սև ցուցակ»-ում հայտնված հայկական ավիաընկերություններ, ավիացիոն ոլորտի հանդեպ այլ երկրների կողմից անվստահության դրսևորում, երկրի վարկանիշի անկում, ստրատեգիական նշանակություն ունեցող պետական քայքայված կառույց, հայկական օդանավի առևանգում, սանկցիաների կիրառման վտանգներ և այլն…

Տաթևիկ Ռևազյանը, ինչ խոսք, անգործ չի մնա: Գոնե թե մատուցողի փորձ վերջինս ունի, երբ սեփական PR-ի համար «աշխատում էր» երևանյան սրճարաններից մեկում:

Մի բան, սակայն, հստակ է. պետական պաշտոններում ոչ թե համապատասխան գիտելիքի, այլ համառության «շնորհիվ» պաշտոններ ստանձնած անձինք, ովքեր ոլորտը տանում են կործանման, թե ինչ օրինակ կարող են ծառայել երիտասարդների համար, դժվար է ասել:

Տեսանյութեր

Լրահոս