Բաքուն պետք է ձեռնպահ մնա կամայական կալանքներից՝ վերադարձնելով բոլոր ռազմագերիներին, պատանդներին և պահվող անձանց. Անդրեյ Կովատչև
ԵԽ լիագումար նիստի ընթացքում քննարկվում է ԵԺԿ պատգամավորների ներկայացրած բանաձևի նախագիծը, որը պահանջում է Ադրբեջանից վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին:
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ Անդրեյ Կովատչևն իր խոսքում ասաց, որ Բաքուն պետք է ձեռնպահ մնա կամայական կալանքներից՝ ապագայում լիարժեքորեն իրականացնելով հրադադարի հայտարարությունը, որը նախատեսում է ռազմագերիների, պատանդների և բոլոր պահվող անձանց փոխանակում, ինչպես նաև զոհվածների մասունքների փոխանակում:
Պատգամավորն արձանագրեց, որ Ադրբեջանն այս մարդկանց անվանում է հանցագործներ և ահաբեկիչներ, այնինչ նրանք բոլորը պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով, Միջազգային մարդասիրական իրավունքով, և պետք է վերադառնան իրենց ընտանիքներ:
«Ադրբեջանը նաև պետք է աջակցի ՄԻ Եվրոպական դատարանին, ապահովելով վստահելի տեղեկատվությամբ պահվող անձանց և նրանց ինքնազգացողության մասին: Բաքուն պետք է փակի, այսպես կոչված, ավարների այգին, որը ցուցադրում է ստորացուցիչ և անմարդկային կերպով հայ զինծառայողների մոմե ֆիգուրներ, որը խորացնում է երկարաժամկետ թշնամությունը և խարխլում է վստահությունը երկու երկրների միջև»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ ԵԽ-ն հնարավորինս օբյեկտիվ է, ինչպես միշտ, և եթե վստահելի տեղեկատվություն ունենար, որ Երևանում կան ադրբեջանցի ռազմագերիներ, նույն պահանջը կներկայացներ Երևանին:
«Անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում, յուրաքանչյուր մարդկային էակ արժեքավոր է և պետք է պաշտպանվի»,- ասաց նա: