«Նման բան չկա, ճանապարհը մեր վերահսկողության տակ է». Արցախի ԱԺ պատգամավորը հերքում է

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն, թշնամին Կարմիր Շուկայում կարևոր բարձունք է գրավել, որտեղից ավելի հեշտ է հսկողություն սահմանել Մարտունու և Շուշի տանող ճանապարհների վրա։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

«Ես այդ լուրերը հենց կարդացի, անմիջապես ճշտեցի։ Այնտեղ իրավիճակն այսպես է՝ Թաղավարդի կողմից բարձունքն այսպես թե այնպես իրենք են վերահսկում, մյուս կողմը մեր կողմի վերհսկողության տակ է, այդ բարձունքները երկուսն են։ Հիմա նույն հաջողությամբ նրանք նայում են այնտեղի ճանապարհից, ինչ ուզեն՝ կհայտարարեն, սակայն ճանապարհը մեր վերահսկողության տակ է, որովհետև Կարմիր Շուկան մեր վերահսկողության տակ գտնվող գյուղ է, իսկ ճանապարհն անցնում է այդ գյուղի միջով»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Միաժամանակ պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի այս գործողությունների նպատակը բնակիչների վրա հոգեբանական ազդեցություն թողնելն է։

«Մերոնք էլ են հետևում այնտեղի լրատվամիջոցներին, և հնարավոր է՝ այսօր լինեն լրատվամիջոցներ, որոնք նրանց տարածած տեղեկությունը չճշտեն ու դա որպես հիմք ընդունելով՝ վերցնեն ու տարածեն։ Ես ճշտել եմ, և այս պարագայում նման բան չկա»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Հիշեցնենք որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս