
Բլինքենը Պուտինի և Բայդենի հանդիպումը հնարավոր է համարել առաջիկա շաբաթներին

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին։
«Միանգամայն հավանական է, որ մեր նախագահները հանդիպեն առաջիկա շաբաթներին»,-հայտարարել է Բլինքենը RUV իսլանդական պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: Մինչդեռ Լավրովը, ամփոփելով Բլինքենի հետ բանակցությունները, չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվան թույլատրել է Պուտինի եւ Բայդենի հանդիպումը:
Երբ Լավրովին Բլինքենի հետ հանդիպումից հետո հարցրել են գագաթնաժողովի մասին, նախարարն ի պատասխան միայն շնորհակալություն է հայտնել լրագրողներին: Ավելի ուշ Լավրովը կատակով հավելել է. «Մենք հո մաքսատուն չենք, որ թույլատրենք»:
Ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին առաջարկել է առաջիկա շաբաթներին հանդիպել երրորդ երկրում: Ռուսական կողմը դեռ պաշտոնապես չի համաձայնել հանդիպմանը, բայց Կրեմլում արդեն նշել են գագաթնաժողովի անցկացման հնարավոր ժամկետները եւ խոստացել պլանավորելիս նկատի ունենալ համաճարակաբանների խորհուրդները:
Բայդենը քանիցս վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ իր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս: Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակներում տեւել է գրեթե երկու ժամ:
Դա նրանց առաջին անձնական բանակցություններն էին Բլինքենին ԱՄՆ-ի պետքարտուղար նշանակելու պահից ի վեր:
Դրանից առաջ կողմերը երկու անգամ շփվել են հեռախոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: