Բերդ քաղաքի Քարաշենի փողոցի բնակիչը ձերբակալվել է
Մայիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր` Բերդ քաղաքի Շիրազի փողոց: 63-ամյա տանտերը իրավապահներին հայտնել էր, որ առանձնատանը չեն բնակվում, սակայն երկու օր առաջ եղել էր տանը, և ամեն ինչ տեղում էր:
Ոստիկանները զննել էին դեպքի վայրը և ամփոփել ունեցած տեղեկությունները. վերջին երկու օրվա ընթացքում կոտրել էին պատուհանի ապակին և գողացել կենցաղային իրեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Բերդ քաղաքի Քարաշենի փողոցի բնակիչ, 16-ը չբոլորած մի պատանի:
Նա հրավիրվել է Բերդի քննչական բաժին և խոստովանել արարքը: Պատանուն մեղադրանք է առաջադրվել։