Նյու Յորքում սկսել են քրեական հետաքննությունը Թրամփի ընկերության նկատմամբ
Նյու Յորքի գլխավոր դատախազությունը ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization կազմակերպությանը տեղեկացրել է այն մասին, որ դրա նկատմամբ հետաքննությունն այժմ կրում է քրեական բնույթ։
«Մենք Trump Organization-ին հայտնել ենք այն մասին, որ այդ կազմակերպության նկատմամբ մեր հետաքննությունն այլեւս չի կրում զուտ քաղաքացիական բնույթ: Ներկայում մենք ակտիվորեն հետաքննում ենք Trump Organization-ի գործունեությունը քրեական տեսանկյունով՝ Մանհեթենի շրջանային դատախազի հետ միասին»,-CNN-ին հայտարարել է Ֆաբիեն Լեւին՝ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի մամուլի քարտուղարը: Նյու Յորքի գլխավոր դատախազության կողմից հետաքննությունը Trump Organization-ի նկատմամբ կատարվում է 2019 թվականից:
Ավելի վաղ Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը հայտարարել էր, որ վարում է Թրամփի ֆինանսական գործերի քրեական հետաքննությունը՝ նպատակ ունենալով բացահայտել նրա կողմից նահանգի օրենքների հնարավոր խախտումները: Վենսի գրասենյակն ուսումնասիրում է փաստաթղթերի միլիոնավոր էջեր, որոնք ներառում են Թրամփի հարկային հայտարարագրերը: Նախկին նախագահն ավելի վաղ ժխտել է որեւիցե խախտում եւ հայտարարել «քաղաքականապես պատճառաբանված հետապնդման» մասին: Նա նաեւ Մանհեթենի շրջանային դատախազի հետաքննությունը որակել է որպես «վհուկների քաղաքական որս», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: