Կանադան հավելյալ 1 մլն դոլարի օգնություն է տրամադրում ԼՂ-ում հումանիտար աշխատանքների իրականացման համար
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն և Միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը հայտարարել են, որ Կանադան շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին և խորապես հանձնառու է դրա հումանիտար հետևանքների վերացման գործին:
Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, հիմք ընդունելով 2020 թ. պատերազմական գործողություններից անմիջապես հետո Կանադայի կողմից տրամադրված ֆինանսական օժանդակությունը, պաշտոնական Օտտավան լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցելու համար։
Հայ Դատի կենտրոնական գրասենյակից նաև հայտնում են, որ, ըստ հայտարարության, Կանադան շարունակում է աջակցել ԵԱՀԿ-ին՝ հակամարտության մշտական կարգավորմանը հասնելու հարցում և խրախուսում Հայաստանին ու Ադրբեջանին՝ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Կանադական կողմը նաև պատրաստակամություն է հայտնում շարունակել աշխատել ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։