Լուսավոր, բարգավաճ, արդար Հայաստան
Քայլում ես Երևանի փողոցներով և ապշում, թե արդյոք դու գտնվում ես այն Հայաստանում, որն ամիսներ առաջ խայտառակ պարտությու՞ն է կրել, տվել հազարավոր զոհեր, դեռևս ադրբեջանական բանտերում կտտանքների են ենթարկվող գերիներ ունի, որտեղ թշնամին շարունակում է տարածքներ գրավել և լուրջ վտանգված են Սյունիքն ու Գեղարքունիքը։ Մի խոսքով Հայաստանը վերածվել է մի անիմաստ տարածքի, արհամարհված ողջ աշխարհի կողմից։
Եվ այս ամենի ֆոնին․․․Երևանի փողոցներում ամեն քայլափոխի գովազդային վահանակներից քեզ են նայում անիմաստ դեմքերով , բայց և «խորիմաստ» մտքերով «Մեր միասնությունն անվտանգության լավագույն երաշխիքն է», «Ուժը՝ մարդն է» մեծահարուստներ։ Այո՛, դեռևս պաշտոնական քարոզարշավը չսկսված, Երևանի փողոցներով քայլելն արդեն վիրավորական է, երբ աջ ու ձախ քեզ են նայում , իրենց քաղաքական գործիչներ հռչակած, բայց և Արցախի ու Հայաստանի ճակատագրի վրա թքած ունեցող դեմքեր։ Բացի վերոնշյալ մեծահարուստները , քեզ են նայում, ոչ պակաս «խորիմաստ» «Հանրապետություն», այսպես կոչված կուսակցության նախագահի և նորաստեղծ, հերթական ազգափրկիչ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարի դեմքերը։ Բա, պատկերացնու՞մ եք, որ մեկնարկի պաշտոնական քարոզարշավը։
Արդեն, կարելի է տնից դուրս չգալ, երբ փողոցները ողողված կլինեն հայրենիքը հանձնած, փաստաթղթեր կեղծած ու բանակից ճողոպրած, «համապատասխան և ինքընստինքյան» և այլ կարկառուն գործիչների նկարներով։ Թող ու փախի։ Եվ նորից եմ կրկնում, այս ամենը Հայաստանի լինել-չլինելու օրերին։
Հ․Գ․ Առաջարկում եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որը լուսավորություն է բերելու Հայաստանին, «Բարգավաճ Ծառուկյան, ներեցեք՝ Հայաստան» կուսակցությանը, որը խոստանում է Հայաստանի բարգավաճում և «Արդար Հայաստան» կուսակցությանը, որը բերելու է համատարած արդարություն, միավորվել։ Պատկերացնու՞մ եք մեր ապագան՝ լուսավոր, բարգավաճ, արդար Հայաստան։
Ավետիք Իշխանյան