«Եթե Փաշինյանն իր ղեկավարած թիմով արտահերթ ընտրություններում արձանագրի հաջողություն՝ Տեր-Պետրոսյանն այդ հարվածին չի դիմանա՝ կարող է ինֆարկտ ստանա». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ողջունում է ՀԱԿ-ի պատրաստակամությունը՝ առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։

«Անկախ իմ ունեցած վերաբերմունքից ու գնահատականներից Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, կարծում եմ՝ ՀԱԿ-ում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք իրենց օրինակով, պահվածքով կարող են օգտակար լինել մեր հայրենիքի կառուցմանն ու զարգացմանը։ Այնպես որ, ՀԱԿ-ին հաջողություն եմ մաղթում, բայց ոչ այնքան, որ մեզ հաղթեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Հովիկ Աղազարյանը։

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե ընտրություններին մասնակցում են, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը և կանխեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, Հովիկ Աղազարյանը հիշեցրեց՝ 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ 68 տարեկան է դառնում և նպատակահարմար չի գտնում մասնակցելու ընտրություներին։

«Հարց է առաջանում՝ նա 2 տարի առաջ չգիտե՞ր, որ երկու տարի հետո դառնալու է 68 տարեկան։ 2008 թվականին այդ շարժումը, որը չհասավ բոլորիս, իմ համար, ասենք, ցանկալի արդյունքի, և իր շրջապատում գտնվող շատ երիտասարդներ բերեցին այն իրողությունը, որը մենք ունենք։ Հիմա անցնելով կորոնավիրուս, պատերազմի ծանր իրողություններ, և դրանից հետո, եթե Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած թիմով արտահերթ ընտրություններում արձանագրի հաջողություն, ինչում ես համոզված եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ հարվածին չի դիմանա, կարող է ինֆարկտ ստանա»,- հավելեց Հովիկ Աղազարյանը։

Իմքայլականը  համոզված է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախանձում է և, բացի իրենից, որևէ այլ մեկի չի տեսնում, չի նկատում։

Տեսանյութեր

Լրահոս