ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է Համաներման մասին օրենքի կիրառման քայլերը

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է մայիսի 19-ին ուժի մեջ մտած Համաներման մասին օրենքի կիրառման քայլերը։

Ըստ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի, համաներումը կիրառելի է մայիսի 19-ի դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, որոնք խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից և կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով (միայն եթե նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ) սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ:

«Համաներման մասին օրենքի կիրառումը մեր հայրենակիցների համար առավել պատկերավոր և կանխատեսելի դարձնելու համար ստորև ներկայացնում ենք գործնական որոշ պարզաբանումներ.

Եթե Դուք գտնվում եք հետախուզման մեջ, և Ձեր նկատմամբ ընտրված է կալանքի ձևով խափանման միջոց, ապա.

անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ տարածք (2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ).

մուտք գործելուց հետո կարճ ժամանակով վերցվելու եք արգելանքի և ներկայացվելու եք վարույթն իրականացնող մարմին.

կարճ ժամկետում վարույթն իրականացնող մարմինը կլուծի Ձեր նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը, և, ըստ այդմ, Դուք հնարավորություն կունենաք ազատվել արգելանքից և գտնվել ազատության մեջ.

Համաներման օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում իրավասու մարմինը Ձեր նկատմամբ կկիրառի համաներումը:

Եթե Դուք պատիժ եք կրում քրեակատարողական հիմնարկում, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետը:

Եթե Դուք դատապարտվել եք ազատությունից զրկելու հետ չկապված պատժի (օրինակ՝ տուգանք) կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել եք, և Ձեր վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը:

Եթե Ձեր վերաբերյալ գործը ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության կամ վերաքննիչ քրեական դատարանում է, սակայն մինչև Համաներման օրենքի ուժի մեջ մտնելը չի քննվել կամ քննվել է, բայց դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու են համապատասխանաբար ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ քրեական դատարանները:

Եթե Ձեր հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է դատարանը` Ձեր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդության հիման վրա:

Եթե Ձեր գործով վճռաբեկ բողոքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ վճռաբեկ դատարանը:

Եթե Դուք ՀՀ դատարանների կողմից դատապարտվել եք, սակայն պատիժը կրում եք ՀՀ սահմաններից դուրս, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը:

* Նկարագրված իրավիճակներից յուրաքանչյուրի դեպքում էլ համաներումը Ձեր նկատմամբ կիրառվելու է միայն Համաներման օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում:

Համաներման մասին օրենքի համաձայն՝ համաներումը չի կիրառվում`

1) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.

2) այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում`

ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, կամ

բ. պատիժը կրելուց ազատել են Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, կամ

գ. քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար.

3) այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով սահմանված փորձաշրջանի ընթացքում»,- ասվում է պարզաբանման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս