«Գուցե քաղաքական դաշտը գա ընդհանուր հայտարարի և վերջապես հասկանան՝ Փաշինյանը դավաճա՞ն էր, որ եկավ հողերը հանձնի, թե՞ ոչմիթիզական». Հրաչյա Հակոբյանը՝ ՀԱԿ-ին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե ընտրություններին մասնակցում են, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը և կանխեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։

«Կարծում եմ՝ ծաղրուծանակի առարկա է այն փաստը, որ մի քանի օր առաջ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորովին այլ առաջարկ էր անում նույն Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով միասնական դաշինքով մասնակցել ընտրություններին։ Մի քանի օր անց ստանալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերժումը՝ անում է բոլորովին այլ հայտարարություն»,- նշեց Հրաչյա Հակոբյանը։

Դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ բացատրել է իր հայտարարության նպատակը՝ ասելով, որ դրանով ցանկանում էր Ռոբերտ Քոչարյանին դուրս թողնել ներքաղաքական  գործընթացներից, Հրաչյա Հակոբյանը նկատեց՝ ինչպե՞ս են պատկերացնում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը մասնակցեն ընտրություններին, և Ռոբերտ Քոչարյանը դուրս մնա ներքաղաքական անցուդարձից։

Միաժամանակ նա կրկին ասաց, որ 20 տարի երկիրն ուղղակի թալանվել է, այդ պատճառով էլ Հայաստանը պատերազմում պարտվեց։

«Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ ասում է մի բան ու արդարանում իր ասածների համար։ Նիկոլ Փաշինյանն ինչպես կարողացավ՝ կանխեց քաղաքացիական պատերազմը, Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ հրաժարական տվեց և երկիրը հանձնեց Ռոբերտ Քոչարյանին, թող Լևոն Տեր-Պետրոսյանը բարի լիներ ունենալ այն իշխանությունը, որ կարողանար կանխեր քաղաքացիական պատերազմը և Քոչարյանի նախագահ նշանակվելը։ 2008 թվականի բոլոր հավաքներին ներկա եմ եղել, հիմա ցավով խոսում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի արած նմանատիպ հայտարարությունների մասին։ Երբ 2008 թվականին նա հարթակից խոսում էր, ես չէի մտածում, որ երբևէ նման հայտարարություններ կլսեմ նրանից։ Նա ոմանց ասում էր՝ թաթար-մոնղոլներ, ոմանց ասում էր՝ ավազակապետություն, բայց եկավ մի պահ, որ նրանց հետ ուզում էր դաշինք կազմեր»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի այն պնդմանը, որ պատերազմի վերջին կաթիլն այն է եղել, որ Նիկոլ Փաշինյան էլ էր ոչմիթիզական, Հրաչյա Հակոբյանը նշեց, որ չի մեկնաբանում նրա ասածները։

«Ոմանք Նիկոլ Փաշինյանին մեղադրում են նրա մեջ, որ եկել էր հողերը տալու, ոմանք՝ ոչմիթիզականության մեջ, գուցե քաղաքական դաշտը գա ընդհանուր հայտարարի և վերջապես հասկանան՝ Փաշինյանը դավաճա՞ն էր, որ եկավ հողերը հանձնի, թե՞ ոչմիթիզական էր, թող գնան դա պարզեն, որ մի օր դաշինքով նստեն սեղանին կենաց ասեն, որ իրար չմեղադրեն։ Ինձ համար պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը հող տվող չէ, հողերը պատերազմում պարտության արդյունքում անցել է Ադրբեջանին։ Ես դա երբևէ չեմ համարի հող տալ, ցավում եմ, ամոթ եմ ապրում այն քաղաքական գործիչների համար, որոնք ասում են՝ Շուշին հանձնեցին»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս