Միամտություն է հավատալ, որ ադրբեջանական կողմը գալու է բանակցության և այն տարածքներից, որտեղ սողոսկել է կամովի, դուրս է գալու. Մովսես Հակոբյան. tert.am

Հայկական կողմը, հասարակությունը, բանակը պետք է միամիտ չլինի, միամտություն է հավատալ, որ ադրբեջանական կողմը գալու է բանակցության և այն տարածքներից, որտեղ սողոսկել է կամովի, դուրս է գալու: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ խոսելով սահմանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական բանակցությունների պայմանավորվածության ու ադրբեջանական կողմի չներկայանալու մասին:

Հարցին՝ ի վերջո առաջացած խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի, եթե ադրբեջանական կողմից զինվորականներ են եկել Հայաստանի տարածք, այդպես էլ պետք է մնա՞ն, Հակոբյանը պատասխանեց՝ իհարկե:

«Այս իշխանությունը ուր բերել է մեզ, այդպես էլ շարունակելու է: Եթե նրանք գնան իշխանությունից, ապա ամեն ինչ հնարավոր կլինի կարգի բերել, անիշխանության պարագայում որևէ լավ բան պետք չէ սպասել»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպը խորհուրդ էր տվել քաղաքացիներին չայցելել Արցախ և Հայաստան՝ սահմանային լարվածության ֆոնին, ինչպես նաև Լեհաստանի դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին խուսափել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք ճանապարհորդություններից:

Դիտարկմանը, թե հայտարարությունների նման պատկեր էր նաև 44-օրյա պատերազմից առաջ, Հակոբյանը շեշտեց՝ չի կարող ասել, թե դեսպանատների մտահոգություններն ինչով են պայմանավորված, բայց նաև հստակ չի կանխատեսվում, թե թշնամի երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ պլաններ ունի:

«Պետք է հստակ հասկանանք, որ այսօր այն կարծիքները, թե հակառակորդի զինվորականների՝ մեր երկրում գտնվելը Թուրքիայի ղեկավարմամբ է լինում, միայն այս իշխանությունների բացթողումների արդարեցման համար է: Այս բանակցությունները շարունակվելու են, բայց որևէ բանակցություններ օգուտ չեն տալու: Եթե ռուսական կողմի վրա են հույս դնում, ապա պետք է հասկանալ, որ Ռուսաստանի իշխանությունը Ռուսաստանի համար է ձևավորված, այլ ոչ թե Հայաստանի: ՀԱՊԿ-ին դիմեցին, ՀԱՊԿ-ը հայտարարություն կտարածի, այդ հայտարարությանը ադբեջանական կողմը որևէ արձագանք չի տա, դիվանագիտորեն ոչինչ չի փոխվի: Մարդիկ պետք է պատմություն կարդան ու տեսնեն, որ որևէ հայտարարությունը, որը չի զուգորդվում կոնկրետ գործողություններով, այդպես էլ միայն որպես հայտարարություն է մնում»,-ասաց նա:

Հակոբյանը նշեց՝ լավատեսական բաներ չի ասում, բայց իրականությունը սա է և ամեն ինչ կկարգավորվի միայն այն ժամանակ, երբ ճիշտ աշխատանքներ տարվեն:

Տեսանյութեր

Լրահոս