Բաժիններ՝

Դասերն անցկացվում են միայն առաջին հարկում և միջանցքում. Քամուց տուժած Հայանիստի դպրոցի հարցը դեռ «օդում կախված» է

Ապրիլի 10-ի ուժեղ քամին մեծ վնասներ էր հասցրել Արարատի մարզի Հայանիստ համայնքի  31 շենքի, այդ թվում՝ դպրոցին, մանկապարտեզին, բուժամբուլատորիային: Բացի բնակելի 28 տներից՝ վնասվել է նաև բնակիչներից մեկի ջերմոցը:

Համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ կազմվել են արձանագրություններ և ուղարկվել մարզպետարան։

Դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանը հայտնեց, որ խնդիրը դեռ չի լուծվել:

«Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էլ անձամբ այցելել է դպրոց, տեսել է ու ասել, որ նոր դպրոց պետք է կառուցվի, սակայն մինչ օրս փաստաթղթային լուրջ որևէ հարց չի լուծվել: Դասերը երկհերթ են ու միայն առաջին հարկում են անցկացվում: Անցած ամիս աթոռ-սեղան էինք տեղափոխել բնության գիրկ, այդպես էինք դասերն անցկացնում, իսկ հիմա արև  է, հնարավոր չէ: Մեկ դասարան էլ դասն անցկացնում է միջանցքում: Աշխատում ենք մինչև 17:15: Մեծ հույսեր ունենք, սպասում ենք, որ հարցն արագ լուծվի»,- նշեց Արմինե Ավետիսյանը:

Տնօրենի փոխանցմամբ՝ դպրոցն ունի երեք մասնաշենք, երեքն էլ լրիվ հին են: Ոչ միայն առաստաղը, այլև հատակն է խնդիր: Երեխան եթե փորձի մի քիչ ուժեղ թռվռալ՝ անմիջապես կհայտնվի փոսում: Փայտե հատակ է, բայց դրա տակ 1 մետր 20 սմ խորություն կա, ու եթե, Աստված չանի, կոտրվի, հաստատ երեխան վնասվածք կստանա: Ընդհանրապես դպրոցում վերանորոգում չի իրականացվել, մասամբ տանիքն էր փոխվել, որն էլ քամին տարավ:

Հավելենք, որ համաձայն համայնքապետարանի ներկայացրած արձանագրության՝ հանձնաժողովը գնահատել է արտակարգ իրավիճակների հետևանքով Հայանիստ համայնքի դպրոցին պատճառված վնասը, մասնավորապես՝ տանիքի փայտյա մասի, ալիքավոր թիթեղի, ջրհորդանների, ինչի հետևանքով դասապրոցեսները դարձել են անհնար: Գրեթե նույն վնասը կրել է նաև բուժամբուլատորիան։ Գնահատվել են նաև արտակարգ իրավիճակների հետևանքով Հայանիստ համայնքի բնակիչների կրած վնասները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս