«Հետևեք պաշտոնական լրահոսին». Պաշտպանության փոխնախարարը՝ սահմանային իրավիճակի մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցը դեռ չլսած՝ ասաց, որ ենթադրում է, թե ինչ հարց պետք է իրեն տան, հետևաբար խնդրում է, որպեսզի լրատվամիջոցները հետևեն ՊՆ-ի տարածած հաղորդագրություններին և պաշտոնական լրահոսին։

Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվում էին հայ-ադրբեջանական սահմանի վիճակով։

«Հետևեք պաշտոնական լրահոսին։ Իմ դիտարկմամբ՝ օրական, պարտադիր կերպով ՊՆ-ն ներկայացնում է իրավիճակը, և կխնդրեմ այդ հարցով բավարարվել դրանով։ Ես որևէ բան այլևս չեմ ասի։ ՊՆ-ն տարածում է հայտարարություն և ՊՆ-ն ունի նաև ծառայություն, որը տալիս է լրատվություն»,- ասաց Արման Սարգսյանը։

Նա լրագրողներին հորդորեց իրեն ճանապարհ տալ, որպեսզի հեռանա։

Թշնամին գոնե մի քանի մետր հեռացե՞լ է՝ հարցին Արման Սարգսյանը պատասխանեց, որ ինչ կարդան պաշտոնական լրահոսում, դա այդպես է, հետևաբար՝ պետք է հետևեն պաշտոնական լրահոսին։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Տեսանյութեր

Լրահոս