Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը հերքել է հաղորդագրությունները Իսրայելի ուղղությամբ հարվածները դադարեցնելու պատրաստակամության մասին

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզաթ ար-Ռեշեքը հերքել է իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ շարժումը համաձայնել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի՝ մայիսի 20-ի առավոտից հրադադարի մասին Եգիպտոսի առաջարկությանը։

«Առանձին թշնամական ԶԼՄ-ներ հաղորդել են, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հինգշաբթի օրը կրակի դադարեցմանը, դա ճիշտ չէ: Հրադադարի ոչ մի համաձայնություն կամ կոնկրետ ժամկետներ ձեռք չեն բերվել»,-գրել է նա իր Twitter-ում:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը, Եգիպտոսը, Քատարը եւ ուրիշ երկրներ շարունակում են ջանքեր ներդնել՝ ուղղված հրադադարի շուրջ համաձայնության ձեռքբերմանը:

«Մենք ընդգծում ենք, որ միջնորդների ջանքերը եւ շփումները լուրջ են եւ մշտական, բայց մեր ժողովրդի պահանջները հստակ են ու լավ հայտնի»,-ընդգծել է ար-Ռեշեքը:

Ինչպես մայիսին հաղորդել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը, Եգիպտոսն իր մասնավոր ալիքներով Իսրայելին առաջարկել է Գազայի հատվածի նկատմամբ հրադադարի ռեժիմ սահմանել տեղական ժամանակով մայիսի 20-ի առավոտյան ժամը 06:00-ից: Հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Կահիրեի առաջարկությանն այն դեպքում, երբ Իսրայելից որեւիցե արձագանք դեռ չի ստացվել:

Նախօրյակին The Jerusalem Post հրատարակության աղբյուրը հավաստիացրել է, որ Իսրայելը մտադիր չէ հրադադարի ռեժիմ սահմանելու հնարավորությունը ՀԱՄԱՍ շարժման հետ քննարկել մինչեւ մայիսի 20-ը: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը իսրայելցի զինվորականներին կոչ էր արել «պատրաստ մնալ, քանի որ սպասվում է, որ մարտական գործողությունները կշարունակվեն»: Իրադրությունն Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին արդեն երկրորդ շաբաթն է՝ լարված է մնում երկու կողմերից չադադարող հրթիռակոծությունների պատճառով: Կան զոհեր ու տուժածներ, այդ թվում՝ տեղի բնակչության շրջանում, ներառյալ երեխաներ ու կանայք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս