Ոստիկանները մտել են «Հայաստան» դաշինքի մարզային շտաբեր

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Ինչպես տեղեկացրել էինք, «Հայաստան» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելուց հետո իրականացնում է Երևանում և մարզերում նախընտրական շտաբերի կազմավորման գործընթացը։

Մարզային որոշ շտաբերից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ոստիկանության առանձին ծառայողներ՝ տեսնելով «Հայաստան» դաշինքի ցուցանակները, առանց որևէ հիմնավորման ներս են մտել շտաբերի տարածքներ և փորձել են հետաքրքրվել շտաբի ցուցանակի, շտաբի կազմակերպչական այլ հարցերի մասին։

Հատուկ և հստակ տեղեկացնում ենք, որ Ոստիկանության որևէ ծառայող չի կարող ստանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը, պարտավոր է մնալ իր իրավասությունների տիրույթում և որևէ փորձ անգամ չկատարի «Հայաստան» դաշինքի շտաբի գործընկերների նկատմամբ անուղղակի ճնշում գործադրելու ուղղությամբ։

Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը նման վարքագծի նկատմամբ, հաշվի առնելով վարչական ռեսուրսի չարաշահման օբյեկտիվ մտահոգությունները։

Այսպիսի անընդունելի վարքագծի կրկնվելու դեպքում մեր կողմից կնախաձեռնվեն կտրուկ իրավական գործընթացներ»։

Տեսանյութեր

Լրահոս