Բաժիններ՝

«Սպիտակ բանակի» զինվոր Հակոբը 44 օր օգնություն է ցույց տվել վիրավորված մարտիկներին

Ապագա բժիշկ Հակոբ Ստամբոլցյանն Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելու համար կամավորագրվել է ու համալրել «Սպիտակ բանակի» շարքերը:

«Արմենպրես»-ը Հակոբի հետ զրուցել է նրա մանկության, դպրոցական տարիքում չարաճճի լինելու, ատամնաբույժից դիմածնոտային վիրաբույժ դառնալու ցանկության, Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելու և այլ հարցերի շուրջ:

Մանկության մի քանի տարին Ղրիմում է ապրել

22-ամյա Հակոբ Ստամբոլցյանը ծնունդով Շիրակի մարզի Ախուրյան համայնքից է։ Ընտանիքում 2 երեխա են՝ ինքն ու եղբայրը՝ Դավիթը, որն իրենից փոքր է։ Մայրն ուսուցչուհի է, իսկ հայրը՝ նկարիչ:

«Հորիցս ժառանգել եմ այդ տաղանդը, նաև հաճախել եմ նկարչական դպրոց: Նկարել եմ սիրողական մակարդակով, օգտագործել եմ և՛ մատիտ, և՛ յուղաներկ»,- նշեց Հակոբը:

Մանկության 4 տարին՝ 7-11 տարեկանում, ապրել է Ղրիմում, այնտեղ դպրոց է հաճախել, սակայն հետո ընտանիքով վերադարձել են Ախուրյան, և ուսումն այնտեղ է շարունակել:

«Ղրիմում մեզ շատ էր դուր գալիս, հարմարվել էինք ամեն ինչին, սակայն այնուամենայնիվ, չցանկացանք ապրել օտար երկրում ու վերադարձանք հայրենիք։ Ես ու եղբայրս փոքր էինք, գուցե շատ բան չէինք հասկանում այդ ժամանակ, սակայն ուրախ էինք Հայաստան վերադառնալու կապակցությամբ»,- ասաց Հակոբը։

Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ստոմատոլոգիայի ֆակուլտետ:

«Մասնագիտությանս ընտրությունը կապված է բժշկության հանդեպ սիրուց, որը եկել է ընտանիքիս անդամներից՝ տատիկիցս, հորս հորեղբորս տղայից: Կարծում եմ, ատամնաբուժությունն էլ նկարչության հետ կապ ունի, արվեստ եմ տեսնում այդ մասնագիտության մեջ: Այս պահին մտածում եմ՝ գուցե վերապատրաստում անցնեմ դիմածնոտային վիրաբուժության ուղղվածությամբ:

Այժմ խորացված զբաղվում եմ ատամնաբուժությամբ, պրակտիկա եմ անցնում։ Եղբայրս էլ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ծրագրավորում է սովորում՝ անվճար հիմունքներով»,- պատմեց ապագա բժիշկը։

Դպրոցում լավ է սովորել, բայց նաև ծուլացել է

Դեռ մանկուց եղել է զգուշավոր ու ուշադիր, ասում է, որ մինչ այժմ էլ այդ բնավորությունն ունի։

Դպրոցում լավ է սովորել մինչև 8-րդ դասարանը, դրանից հետո 2 տարի ծուլացել է։ Ավագ դպրոցում ընտրել է բնագիտական ուղղությունն ու սկսել բարելավել գիտելիքները, քանի որ որոշել էր բժիշկ դառնալ ։

«Շատ էի սիրում «Ֆիզիկա» առարկան, լավ էի սովորում նաև «Քիմիան» ու «Կենսաբանությունը»։ Մինչ ավագ դպրոցը սիրել եմ նաև «Աշխարհագրություն» առարկան։

Պատմում է, որ դպրոցական տարիներին սկսել էր սպորտով զբաղվել՝ ըմբշամարտով, սիրողական մակարդակով։ Զբաղվել է նաև լողով, ասում է, որ ջուրը շատ է սիրում։

Հետաքրքրություններից է նաև զենքը, կրակել է սիրում։ Կատակով ասում է, որ երգել շատ է սիրում, սակայն լավ չի ստացվում։

«Երաժշտության ժանրերից շատ եմ սիրում ռոք և բլյուզ, սիրելի կատարողներից էլ կառանձնացնեմ BB King-ին, Մայքլ Ջեքսոնին»,- նշում է Հակոբը։

Զորացրվել էր պատերազմը սկսվելուց 8 ամիս առաջ

«Բանակ եմ զորակոչվել 2018 թվականի հունվարին և զորացրվել 2020 թվականին՝ պատերազմը սկսվելուց 8 ամիս առաջ։ Դավիթն էլ ժամկետային զինծառայող էր 2019-2021 թվականներին, զորացրվել է ձմռանը։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նա ժամկետային զինծառայող էր, զորացրվելուն էլ մնացել էր 100 օր։ Մեկ տարի նույն զորամասում ենք ծառայել իրար հետ՝ Քարվաճառում»,- ասում է Հակոբն ու հավելում, որ պատերազմին մասնակցելու գլխավոր դրդապատճառներից մեկը եղել է ժամկետային զինծառայող եղբոր կողքին լինելու մղումը: Ինչպես նաև ընկերների։

Արցախում եղել է սեպտեմբերի 28-ին, սակայն իր համար ամենադաժան օրը սեպտեմբերի 27-ն է համարում, այդ ժամանակ իրեն շատ անզոր է զգացել։ Ասում է, որ երբ իմացել է պատերազմի լուրը, ամեն գնով փորձել է մեկնել մարտի դաշտ, սակայն քանի որ զորացրվելուց նույնիսկ մեկ տարի չէր անցել, իրեն թույլ չէին տալիս Արցախ գնալ։

«Սեպտեմեբերի 27-ին գնացել եմ Երևանի բոլոր զինկոմիսարիատները, բոլոր տեղերում մերժում էին՝ ասելով, որ Սահմանադրությամբ չի թույլատրվում, քանի որ մոտ 7-8 ամիս առաջ եմ զորացրվել։ Տարբեր տեղեր կամավորագրվել էի, ասում էին, որ կկանչեն, սակայն հասկանում էի, որ այդպես չի լինի։ Այդ ընթացքում կապի մեջ էի նաև ընկերներիս հետ, խոսել էի ծառայակից ընկերներիցս մեկի հետ, ով այժմ հոգևորական է դարձել և վերջերս էլ Գանձասարում ձեռնադրվել է որպես կուսակրոն քահանա, ու ասել եմ, որ գալիս եմ Արցախ։ Սեպտեմբերի 28-ին, վերջին հույսով, ընկերներիս հետ գնացի Վարդենիսի կայազորային հոսպիտալ, ներկայացրի իրավիճակն ու, քանի որ ինձ այնտեղ ճանաչում էին և տեսել էին մասնագիտական իմ հմտությունները՝ թույլ տվեցին, որպեսզի որպես բժիշկ լինեմ այնտեղ»,- պատմում է Հակոբը։

Անհրաժեշտության դեպքում գնացել են Քարվաճառի ու Մարտակերտի ուղղությամբ և բուժօգնություն ցույց տվել վիրավորներին։ Մինչև պատերազմի ավարտը Հակոբն ընկերների հետ կատարել են իրենց վերապահված առաքելությունը։

«Եղել են դեպքեր, երբ մեզ մոտ արդեն մահացած բերում էին այն տղաներին, ում, օրինակ՝ ճանաչել եմ, երբ ես արդեն մեկ և ավելի տարվա զինծառայող եմ եղել, իսկ իրենք՝ նորակոչիկ։ Ինչ խոսք, ցավոտ էր, դաժան օրեր ու տեսարաններ ենք ապրել այդ 44 օրվա ընթացքում։ Ամեն օր աղոթում էի, որպեսզի մահացած զինվորներին ու կամավորականներին տեղափոխող այն մեքենաներում, որ գալիս էին մեր հոսպիտալ, ծանոթներ չլինեն։ Հետո հասկանում էի՝ սիրտս ցավում էր բոլորի համար, հասկանում էինք, որ անզոր էինք որևէ բան փոխել»,- վերհիշում է Հակոբը։

Ասում է, որ այդ ընթացքում՝ տեսնելով այդ ամենը, հումորը շատ է օգնել, որպեսզի չխելագարվեն։ «Հիմնականում անօդաչու թռչող սարքերի հետ էին կապված։ Երբ տեսնում էինք, որ մեր ՀՕՊ-ի աշխատանքների շնորհիվ խոցվում էին ադրբեջանական ԱԹՍ-ները կամ վրիպում էին, այդ պահերին բոլորն անմիջապես դառնում էին ՀՕՊ էքսպերտներ (ծիծաղում է)»։

Նա ընդգծում է, որ պատերազմի ընթացքում, որքան էլ շատերը ցանկանում են հերոսություն անել, որպեսզի հիշվեն, բայց պետք է երբեք զգոնությունը չկորցնել ու անընդհատ փորձել սառը դատել։

Հայրը չի ընդդիմացել Հակոբի՝ մարտի դաշտ մեկնելու մտադրությանը

«Այդ ժամանակ ծնողներիս մոտ COVID-19 էր հաստատվել, սակայն գիտեի, որ նրանքց վիճակը ծանր չէր, և ինձ չկանգնեցրեց այդ միտքը։ Մորս չէի ասել, որ գնում եմ, իսկ հայրս տեղյակ էր, սակայն իմանալով իմ բնավորությունը, որ, միևնույն է, գնալու էի, չընդդիմացավ։ Միայն ասաց՝ միշտ հիշիր, որ մենք ձեզ այստեղ սպասում ենք, անպայման հետ եկեք։ Այդ խոսքերը մշտապես հիշելով եմ կատարել բոլոր գործողություններս»,- ամփոփում է Հակոբը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս