«Մեր սպասելիքները չարդարացան այս առաջնությունում». Տիգրան Սիմոնյան
Հայաստանի աթլետիկայի առաջնության գլխավոր մրցավար Տիգրան Սիմոնյանը գոհ չէ մրցման մասնակիցների քանակից և ադյունքներից:
«Կորոնավիրուսի պանդեմիան մեծ և զգալի ազդեցություն ունեցավ մարզաձևի վրա: Մեր սպասելիքները չարդարացան այս առաջնությունում, ավելի բարձր արդյունքներ էինք ակնկալում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
Վերջինիս խոսքով` Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարող մարզիկները դեռևս լիարժեք պատրաստ չեն, և նրանց գրանցած արդյունքները խոսում են այդ մասին:
Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկեց Հայաստանի աթլետիկայի առաջնությունը: Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը կրկին լավագույնն էր իր ձևում (16,62 մետր), սակայն չկարողացավ Օլիմպիական խաղերի նորմա լրացնել: Սկավառակի նետում ձևում լավագույնը Մանուկ Մանուկյանն է (50,28 մետր), նիզակի նետումում` Մարիամ Մկրտչյանը (40,10 մետր), իսկ գնդի հրում վարժությունում կրկին լավագույնը Մանուկ Մանուկյանն է (14, 71 արդյունք):
Վազքային ձևերում ոսկե մեդալակիրներ դարձան Միլենա Գրիգորյանը (400 մետր, 1.03.0 արդյունք), Ռաֆիկ Օհանյանը (400 մետր, 49.7 արդյունք), Լիանա Մարտիրոսյանը (3000 մետր, 11.55.0 արդյունք), Երվանդ Մկրտչյանը (1500 մետր, 4.01.3 արդյունք), Դավիթ Ղուշչյանը (110 մետր արագավազք, 16.7 արդյունք), Մելինե Ադամյանը (100 մետր, 15.1 արդյունք), Էլլադա Ալավերդյանը (800 մետր, 2.17.7 արդյունք), Յանա Սարգսյանը ( 100մետր, 12.0 մետր), Ռազմիկ Մկրտչյանը (100 մետր, 10.3 արդյունք):