
Առայսօր խաղաղապահ զորախմբի՝ Ստեփանակերտում գործող քաղաքացիների ընդունելության կենտրոն է դիմել շուրջ 3600 քաղաքացի․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Ստեփանակերտում ստեղծված քաղաքացիների ընդունելության կենտրոնը շարունակում է իր աշխատանքը․ գործում է նաև անհետ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց հարցերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար թեժ գիծ, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդման՝ առայսօր քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 3600 քաղաքացի, որից ավելի քան 800-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։
«Մինչ այժմ հրատապ խնդիրներ են մնում անհետ կորածների որոնումը, ունեցվածքի վերադարձն ու փախստականների հարցերը»,- հայտնել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:
Նշվում է, որ հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայողի անհետացման ենթադրյալ շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց կոնտակտային տվյալները: Անհետ կորածների որոնման միջոցառումները հետագայում անց են կացվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։