Մեծամասնություն կկազմեն ընդդիմադիր ուժերը, իսկ իշխանությունների օգտին քվեարկելու է ընտրողների մոտ 20%-ը. Հասմիկ Ենգոյան
«Հունիսի 20-ի ընտրությունները սովորական, ընթացակարգային ընտրություններ չեն՝ այն պարզ պատճառով, որ երկիրը դուրս է եկել իր բնական հունից, և ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պատճառներից մեկն այն է, որ 2.5 տարի առաջ ընտրված Պառլամենտը փաստացի զրկվել է հանրային վստահությունից, ինչպես նաև երկրի առջև ծառացած խնդիրները, անվտանգության հետ կապված մարտահրավերները. Հայաստանը դադարել է լինել Արցախի, ինչպես նաև իր սեփական անվտանգության երաշխավորը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, ընտրական իրավունքի մասնագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հասմիկ Ենգոյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա ընտրություններում չի լինելու ծրագրային պայքար, այլ կհաղթի այն քաղաքական ուժը, որն առավել սպառիչ պատասխան կտա հանրության առաջ քաշած անվտանգային խնդիրների լուծման վերաբերյալ հարցերին:
«Քաղաքացիները կընտրեն այն քաղաքական ուժին, որը կկարողանա տալ այդ անվտանգության երաշխիքը»,- ասաց Հասմիկ Ենգոյանը:
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամը պնդում է՝ պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին: Պետք է մարդկանց հետ խոսել, բացատրել իրավիճակը, նրանց հասցնել ռեալ, իրական վտանգը, որ սպառնում է մեր պետությանը:
«Այս ոչ ակտիվ, չկողմնորոշված, հիասթափված քաղաքացիները հեռացել են Փաշինյանից, որովհետև սա, այնուամենայնիվ, այն զանգվածն է, որը 2018 թվականին ձայն է տվել նրան, բայց, ցավոք սրտի, դեռ չեն մոտեցել ընդդիմությանը: Հնարավոր է՝ դա ինչ-որ չափով պայմանավորված է նրանով, որ այս քաղաքական ուժը ժամանակին մերժել է նախկիններին, և մարդու համար, իհարկե, շատ դժվար է ընդունել սեփական սխալը՝ ընդունել, որ սխալ են մերժել նախկիններին, և ընդունել, որ սխալ են ընտրել Փաշինյանին»,- ասաց Հասմիկ Ենգոյանը:
Վերջինս նշեց, որ բոլոր հարցումներով՝ ներկայիս իշխանությունների օգտին քվեարկելու է ընտրողների մոտ 20%-ը, և սա խոսում է նրա մասին, որ ընդամենը 3 տարվա ընթացքում Փաշինյանը և նրա թիմը կարողացան մոտ 3 անգամ փոշիացնել իր աջակիցներին ու իրենց ակտիվները հասցնել զրոյի:
«Իմ դիտարկմամբ՝ իշխող քաղաքական ուժը չի կարողանա ստանալ կայուն մեծամասնություն, որպեսզի կարողանա ինքնուրույն ձևավորել կառավարություն: Ես կարծում եմ, որ մեծամասնություն կկազմեն ընդդիմության քաղաքական ուժերը, և կաշխատի «Կոնսենսուս մինուս 1» հարթակը, որի պայմաններում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվելու են ներկայիս իշխող ուժի դեմ, և հիմնական նպատակն է լինելու՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Հասմիկ Ենգոյանը:
Նա հավելեց, որ ներքին համոզմունք ունի, որ կառավարություն, այնուամենայնիվ, կձևավորվի ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից կոալիցիա ստեղծելու արդյունքում, և չի բացառում, որ այդ կոալիցիան կստեղծվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:
«Սահմանադրության տրամաբանությունը դրված է հետևյալ կոնտեքստում. այն քաղաքական ուժը, որը Պառլամենտում կունենա կայուն մեծամասնություն, այսինքն՝ 50%+1 ձայն, իրավունք է ստանում նշանակել վարչապետ: Եթե քաղաքական ուժերից ոչ մեկը չկարողանա կայուն մեծամասնություն հավաքել, իսկ ես կարծում եմ, որ քաղաքական այս պայմաններում այդպես էլ լինելու է, ապա քաղաքական ուժերը պետք է միավորվեն և ստեղծեն կոալիցիա: Ընդ որում, կա սահմանափակում, և առավելագույնը 3 կուսակցություն կարող են միավորվել: Խոսքն ընտրական պրոցեսին մասնակցած ինքնուրույն սուբյեկտների մասին է, և այս դեպքում այս նորաստեղծ կոալիցիան իրավունք է ստանում նշանակել վարչապետ»,- հետագա գործընթացների տրամաբանությունը ներկայացրեց ընտրական իրավունքի մասնագետը:
Հասմիկ Ենգոյանը նշում է, որ, եթե վերը նշված սցենարվ չեն զարգանում իրադարձությունները, և ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում ստանալ կամ ձևավորել կայուն մեծամասնություն, ապա, ըստ «Ընտրական օրենսգրքի»՝ անց է կացվելու ընտրությունների 2-րդ փուլ, բայց սրա յուրահատկությունն այն է, որ այս անգամ կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու քաղաքական ուժերը:
«Եվ հաղթող է դառնում արդեն ոչ թե շատ ձայներ հավաքած, այլ մյուս մասնակցի համեմատ շատ ձայներ հավաքած կուսակցությունը, և հենց նա էլ հնարավորություն է ստանում ձևավորել կառավարություն: Եվ կարելի է ասել, որ մենք ունենում ենք վարչապետի ուղղակի ընտրություններ»,- ասաց Հասմիկ Ենգոյանը:
Ինչ վերաբերում է ընտրապայքարի ընթացքին, քաղաքական ուժի ներկայացուցիչը նշեց, որ ընտրապայքարը լինելու է ոչ թե ծրագրերի գաղափարախոսության պայքար, այլ ավելի շուտ՝ փողոցային բառապաշարի, հայհոյանքի, կոմպրոմատների պայքար:
«Եթե խոսենք ընտրակեղծիքների մասին, ապա պետք է նշեմ, որ բնակչության շրջանում թյուր կարծիք է ձևավորված, որ ընտրություններ կեղծելը նշանակում է՝ քվեաթերթիկներ փոխել, այլ անձի օգտին քվեարկել կամ լցոնել, սակայն ընտրական կեղծիքները սկսվում են՝ դեռևս ընտրությունները չսկսված, և դա մենք շատ ակնհայտ տեսնում ենք՝ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություն, «Քրեական օրենսգրքի» խստացում, այսինքն՝ առաջին փուլում օրենսդրական նախապայմանների ստեղծում, ինչպես նաև անուղղակի ընտրակաշառքները՝ աշխատավարձերի կտրուկ բարձրացման տեսքով: Պարզ է, որ իշխանությունը չի խորշելու՝ ինչպես վարչական ռեսուրսի կիրառումից, այնպես էլ՝ տարատեսակ եղանակներով հնարավորինս շատ ձայներ իր կողմը գրավելու համար»,- ասաց Հասմիկ Ենգոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում