ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի հետ
ՌԴ արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության դեպարտամենտը մեկնաբանություն է տարածել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի հետ: Մեկնաբանության մեջ ասվում է.
«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին լարվածության նվազեցման հարցում՝ բարձրագույն և բարձր մակարդակի պարբերական շփումների շրջանակներում: Պահպանվում է օպերատիվ կապը մեր երկրների ռազմական ու սահմանապահ ծառայությունների գծով:
Վերահաստատում ենք կրակի դադարեցման ռեժիմի խստագույն պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների մյուս դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:
Ելնում ենք նրանից, որ նման միջադեպերը անհրաժեշտ է հարթել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում ենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ հետագա դեմարկացիայով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»: