Իրանական կողմում, կարելի է ասել, սպասում են ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը նույն Մեղրիի միջանցքի հետ կապված․ իրանագետ

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման միջադեպին՝ նշել էր․

«Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»։

Իրանագետ Գարիկ Միսակյանի գնահատմամբ՝ Զոլնուրիի հայտարարությունը, որն ավելի կոշտ հռետորաբանություն ուներ՝ ուղղված դեպի ադրբեջանական հանրապետությունը, կարելի է համարել Իրանի զինվորական և անվտանգային ոլորտի ներկայացուցիչների հայտարարությունը, իսկ ավելի վաղ հնչած Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեի արձագանքը, որը հավասարակշռված կոչ էր կողմերին՝ խաղաղ ճանապարհով լուծելու խնդիրը՝ Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական դիրքորոշումը։

Կլինե՞ն արդյոք այլ հայտարարություններ, այդ թվում՝ ԱԳ նախարարի, նախագահի մակարդակով՝ մեր հարցին ի պատասխան՝ իրանագետը նշեց․

«Դա, իմ կարծիքով, կախված է, թե Հայաստանի որ պաշտոնյան Իրանի հետ կապ կհաստատի այս թեմայով․ այսինքն՝ եթե ՀՀ արտգործնախարարությունից լինի կապ Զարիֆի հետ, կստանանք նաև հայտարարություն Զարիֆի կողմից, եթե վարչապետի կապը լինի Իրանի նախագահի հետ, կստանանք հայտարարություն նաև այդ մակարդակում․ հիշենք, որ ՀՀ վարչապետի կողմից եղել են հարցազրույցներ տարբեր երկրների ղեկավարների հետ՝ ՌԴ, Ֆրանսիա և այլն»։

Այդուհանդերձ, Գագիկ Միսակյանը շեշտեց՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է Իրանի համար․ այս համատեքստում նա հիշեցրեց Երևանում Իրանի ԱԳՆ Զարիֆի հայտարարությունը, թե՝ «մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որը մենք հստակորեն ասել ենք»։

«Արցախյան պատերազմից մինչ օրս Իրանը հանդես է եկել մի քանի հայտարարություններով, որոնց մասին բազմիցս խոսվել է։

Այս պահին իրանական կողմում, կարելի է ասել, սպասում են ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը նույն Մեղրիի միջանցքի հետ կապված։

Սյունիքի վերջին դեպքերին եթե անդրադառնանք, առաջին օրերին հայկական կողմից բավականին իրարամերժ տեղեկություններ էին լինում, այդ թվում՝ տարբեր պաշտոնյաների հայտարարությունների տեսքով, և իրանական դաշտում, եթե դատենք ԶԼՄ-ների տեղեկություններով, կաելի է ասել՝ փոքր-ինչ անհասկանալի իրավիճակ էր, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, Սյունիքում, և իրանական կողմը սպասում էր Հայաստանի արձագանքին՝ նաև իրենց դիրքորոշումը հայտնելու համար»,- ասաց նա։

Թե որ դեպքում Իրանը հայտարարություններից կանցնի գործողությունների՝ մեր վերջին հարցին իրանագետը պատասխանեց․ «Չեմ կարծում՝ ռազմական որևէ գործողության դիմելու հնարավորություն լինի, եթե Իրանի սահմանին լուրջ վտանգ չսպառնա, ինչի մասին նշվել է Իրանի պաշտոնյաների տարբեր հայտարարություններում»։

Տեսանյութեր

Լրահոս