«Եթե այսպես շարունակվի, կարելի է նույնիսկ ազգությունից հրաժարվել, սա իմ ժողովուրդը չէ, ես նրան չեմ ճանաչում, հավատացեք». Մանվել Եղիազարյան
Մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։
Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից առաջ գալու հրաման են ստացել, քանի որ համարում են, թե այդ տարածքներն ադրբեջանական են։
168.am–ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ասաց, որ ամբողջ իշխանությունը, հնարավորությունները տրված են այնպիսի մարդկանց, որոնց համար միևնույն է՝ Հայաստանը կլինի՞, թե՞ չի լինի։
«Նախկինում թերթերում, գրքերում գրում էին, թե Հայոց ցեղասպանության ժամանակ հայերը կոտորվեցին, որովհետև Թուրքիան մեծ տերություն էր, իսկ հայերը չկարողացան դիմակայել նրան, դրա համար էլ Եղեռն եղավ։ Բա հիմա Ադրբեջանն ի՞նչ է, նրանցից մեր դեմ պայքարում են 2-3 մլն անգրագետ քոչվորներ, և մենք նրանց առաջ անընդհատ ընկրկում ենք։ Հիմա չեն ուզում պաշտպանել Արցախի անվտանգությունն ու ապահովել Հայաստանի անվտանգությունը, պատճառը ո՞րն է, այն, որ պատահական մարդկանց ենք տվել հնարավորությունները։ Այս իշխանությունը ո՛չ կարողացավ զինվոր հավաքագրել՝ հայրենիքը պաշտպանելու համար, ո՛չ էլ թասիբի ընկավ՝ ազատ ապրելու համար․ անորակ իշխանություն է, որն էլ ստեղծում է անորակ հասարակություն»,- նշեց Մանվել Եղիազարյանը։
Ըստ նրա, ինքը սովորական ազատամարտիկ է, որը, ճիշտ է՝ չի մասնակցել Գավգամելայի ճակատամարտին, բայց Արցախի պատերազմում հաղթանակ է տարել, հող է ազատագրել, և ո՞րն է այսօր իրենց նկատմամբ հարգանքը, ե՞րբ են իրենց հարգել։
«Այսօր այս իշխանությունն ի վիճակի չէ մարդկանց հավաքել, տանել ֆրոնտ, որովհետև ամեն ինչ թողել է բախտի քմահաճույքին, ավերեցին, դատարկեցին Հայաստանը։ Փաստորեն մարդկանց էությունը, ինչպես ասում են՝ դատարկվել է, այսօր հայը նայում է Սյունիքում ու Գեղարքունիքում թշնամու առաջ գալուն, ասում է՝ դե ոչինչ, 2 կիլոմետր էլ տանք, միայն թե պատերազմ չլինի, միայն թե իրենց ստամոքսը լիքը լինի։ Տեսեք՝ ի՞նչ է կատարվում, հայրենիք ենք կորցնում, բոլորը մեղքն իրար վրա են գցում, սրանք եկել մեղքը գցում են հների վրա, ասում են՝ մեղավոր չենք, դե, կարող են Երևանն էլ տալ։ Հիմա որ սրանք թրքասեր են, դա իրենց խնդիրն է, եթե թուրքի գերին են՝ իրենց խնդիրն է, մենք ազատ մարդիկ ենք, մենք ուզում ենք վերջապես երկիր ունենանք, այս ի՞նչ վիճակ է, գետինը բա չեն մտնո՞ւմ»,- շեշտեց Մանվել Եղիազարյանը։
Նրա համար զարմանալի է, որ այսօր հայը՝ ի դեմս իշխանության, վախենում է թշնամուց։ Նրա կարծիքով՝ իշխանությունը զինվորական է սարքում այնպիսի մարդկանց, որոնք խոնարհ են իրենց դեմ, հարճի նման ծառայում իրենց։
«Երբ Արցախում պատերազմը եղավ, գեներալներ կային, որոնք ի վիճակի էին կանգնեցնելու, ամեն դեպքում իրավիճակը փոխելու, սակայն որևէ բան չարեցին, ինչի՞ համար, որովհետև իրենք իշխանության հարճերն էին։ Որքան խոնարհ ու հեզ գեներալներ կային, տեղավորվեցին իշխանությունների ոտքերի տակ, այ հիմա տեսեք, թե այսօր ինչ օրի ենք։ Մենք կարող էինք իրավիճակը փոխել, եթե մեզ հնարավորություն տային, հակառակորդին կանգնեցնելն այնքան պրիմիտիվ էր, որ դուք չեք պատկերացնում»,- շեշտեց նա։
Նրա դիտարկմամբ, պետք է գոնե հազար հոգի զինվորներ հավաքագրեն, սահմանը խախտած թշնամուն մի քանի հատվածներում պատժեն, որպեսզի վերջիններս հետ նահանջեն։
«Հիմա եթե մենք այսպես խղճուկ ենք կանգնած, ուզում է թշնամին կիսամեռ լինի՝ մեզ ոչնչացնելու է, նրանք այդ ծրագիրն իրագործում են։ Փառք Աստծո, մենք դեռ ունակ ենք, հիմա մենք պետք է թշնամուն շրջափակեինք ու ոչնչացնեինք՝ որպես ահաբեկիչների, մենք պատերազմը պետք է շարունակենք, հակառակ դեպքում՝ դառնալու ենք Սիրիա։ Ցռան Վերգոներն իրար գլխի են հավաքվել ու ոչինչ չեն անում, միայն ծախում են երկիրը, մենք կարող ենք անմահանալ ու հետ բերել հայ ժողովրդի պատիվը։ Այսպես պատվազուրկ ապրում են այն մարդիկ, որոնք մազոխիստ են, այդպիսի հիվանդություն կա, այսօր մազոխիստների իշխանություն է։
Ես չգիտեմ, եթե այսպես շարունակվի՝ կարելի է նույնիսկ ազգությունից էլ հրաժարվել, սա իմ ժողովուրդը չէ, ես նրանց չեմ ճանաչում, հավատացեք։ Փաստորեն մենք այդքան սպանվեցինք, խաչվեցինք, զոհվեցինք, որ հող ազատագրենք, ու սրանք գան այդ հողերը հանձնեն, որ մեզ ու հայրենիքը այսքան ստորացնե՞ն»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։