«Սա հանցագործության մասին հաղորդում է». Տիգրան Աբրահամյանը՝ ԳՇ հայտարարության մասին

Ադրբեջանցիները կարողացել են Սյունիքի մարզում հատել սահմանը, որովհետև սահմանի  հատվածը չի եղել պաշտպանված, ինչը հնարավորություն է ստեղծել ադրբեջանցիների համար անարգել մտնել և որոշակի առումով դիրքավորում ապահովել:

Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Այսինքն, առաջին խնդիրը, որը ստեղծել է այս ճգնաժամը, դա ռազմաքաղաքական իշխանության վարքագիծն է, մոտեցումները, անգործությունը, այս պարագայում՝ հանցավոր անգործությունը: Սրա հետևանքով ստեղծվել է ծանր իրավիճակ, և ՀՀ-ն ստիպված է եղել դիմել ՌԴ-ի, ՀԱՊԿ անդամ երկրների, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների օգնությանը: Մենք շատ հստակ պիտի արձանագրենք, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքի, Գեղարքունիքի ուղղությամբ, շարունակում է փոխկապակցվածության մեջ մնալ Սյունիքի հարավային հատվածների և Արցախի հետ: Այսինքն, այն ագրեսիան, որը դրսևորվում է, և այն բանակցությունները, որոնք ընթանում են, բոլոր կոմպոնենտներով կապված են Արցախի և Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ: Ադրբեջանն իր համար միանգամից մի քանի խնդիր է փորձում լուծել. նախ՝ այս գործընթացում իր համար ստեղծել ճնշման նոր մեխանիզմներ և լծակներ, երկրորդ՝ օգտագործել ՀՀ-ի ներկայիս իշխանությունների պահվածքը, անգործությունը, թույլ լինելը, և հասնել առավելագույն արդյունքի»,- մանրամասնեց Աբրահամյանը:

Տեղեկատվության ստուգման կենտրոնը երեկ տարածել էր ԳՇ հայտարարությունը՝ կապված «Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք գրավելու» հետ:

«Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, այլև նույնիսկ տեսականորեն չէին կարող  գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ապահովել,  մարտական դիրքեր ուղղակի չկան, և դա ընդամենը բաց տարածք է, որը, ինչպես նաև այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականները,  գտնվում են հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ»,- նշված էր հստակեցման մեջ:

Տիգրան Աբրահամյանը նշում էր, որ տասը տարուց ավելի զբաղվում է զինված ուժերի ուսումնասիրմամբ, և չի հանդիպել այսպիսի խայտառակ իրավիճակի, հայտարարության, երբ ԳՇ-ն և ՊՆ-ն հպարտանան՝ այդտեղ դիրքեր չկան, ուստի չէին կարող շրջափակման մեջ գտնվել:

«Սա, կարծում եմ, հանցագործության մասին հաղորդում է»,- շեշտեց Աբրահամյանը:

Վերադառնալով Սյունիքի խնդրին, ռազմաքաղաքական փորձագետը նշեց, որ «Սյունիքն այն արգելապատնեշն է, որը թուրքական աշխարհը կարող է իրար միացնել:

Տեսանյութեր

Լրահոս