Հայաստանը կարող է կորցնել «խաղաղ ատոմ» զարգացնող երկրի բարձր ռազմավարական կարգավիճակը՝ բոլոր աշխարհաքաղաքական հետևանքներով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայկական ատոմակայանը 141 օրով կանգնեցրեց աշխատանքը։ Սա զուտ էներգետիկ համակարգին վերաբերող տեղային խնդիր չէ։ Եթե վերլուծելով գնում ենք, հասնում ենք Հյուսիս-Հարավ ու Արեւելք-Արեւմուտք լոգիստիկ միջանցքների միջեւ մրցակցությանը։ Եթե մի փոքր է՛լ ավելի ուշադիր ենք լինում, ուրվագծվում է մոդուլյար ու ավանդական ատոմակայանների տարբերության պատկերը եւ, ըստ այդմ, արտերկրից մեզ թելադրվող տարբերակը, բայց մեր ճիշտ ընտրության անհրաժեշտությունը։

Բանն այն է, որ, ըստ Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանի, մոդուլային ատոմակայաններն ի զորու են լուծելու զուտ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր, մինչդեռ ռազմավարական տեսանկյունից դրանց նշանակությունը հավասարվում է զրոյի: Եթե մենք պլանավորում ենք որոշակի դերակատարում ստանձնել տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ շուկաներում՝ հանդես գալով ոչ թե որպես ներկրող, այլ արտահանող, ապա համեմատաբար էժան ու կայուն գեներացիա ապահովող ԱԷԿ-ի առկայությունն առավել քան կարեւոր է: Այլապես իր ամբողջ իմաստն է կորցնում Հյուսիս-Հարավ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը:

Մեր բոլոր հարեւանները, բացի Վրաստանից, կամ զարգացնում են, կամ էլ ձգտում են զարգացնել «խաղաղ ատոմը»: Միջուկային էներգետիկայի զարգացումը ռազմավարական անհրաժեշտություն է համարում Թուրքիան, նույն տրամաբանությամբ է իր էներգետիկ քաղաքականությունն իրականացնում Թեհրանը: Միաժամանակ, Բաքուն բանակցություններ է նախաձեռնել Մոսկվայի հետ՝ Ադրբեջանում առաջին ԱԷԿ-ը կառուցելու նպատակով: Այս պարագայում ավանդական միջուկային հզորությունների բացակայությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է կորցնել «խաղաղ ատոմ» զարգացնող երկրի բարձր ռազմավարական կարգավիճակը՝ բոլոր աշխարհաքաղաքական հետեւանքներով: Ուրեմն՝ ինչ անել… »։

Տեսանյութեր

Լրահոս