Անգլիայում ռաբբիին հոսպիտալացրել են դեռահասների կողմից նրա վրա իրականացված հարձակումից հետո
Անգլիայի Էսսեքսի կոմսությունում դեռահասները կրոնական դրդապատճառներով հարձակում են կատարել մի տղամարդու վրա, ինչից հետո հարկ է եղել նրան հոսպիտալացնել: Այդ մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը։ Ինչպես հաղորդել է Mirror թերթը, սինագոգի մերձակայքում հարձակման հետեւանքով տուժածը Րաֆի Գուդվինն է:
«Խուզարկուները հետաքննություն են անցկացնում Չիգուելլում կրոնական դրդապատճառներով հարձակման մասին ստացված հաղորդագրություններից հետո: Սպաները ժամանել են… այն բանից հետո, երբ 30-ից բարձր տարիքի տղամարդը հարձակման է ենթարկվել: Ենթադրաբար, երկու դեռահասները կանգնել են տուժածի ավտոմոբիլի առջեւում, երբ նա մեքենայի ղեկին էր. նրանք գոռացել են նրա վրա եւ վիրավորական ձեւով խոսել նրա կրոնի մասին՝ նախքան ավտոմեքենային վնաս հասցնելը: Երբ տղամարդը դուրս է եկել մեքենայից, որպեսզի նրանց պատասխանի, հարձակման է ենթարկվել անհայտ օբյեկտի օգնությամբ, որի հետեւանքով հարկավոր է եղել նրան բուժօգնություն ցուցաբերել»,-ասվում է Էսսեքսի ոստիկանության՝ Facebook-ում զետեղված հայտարարության մեջ: Նշվում է, որ հարձակվողները, որոնք, ըստ առկա տվյալների, եղել են 15-ից 18 տարեկան, նաեւ գողացել են տուժածի հեռախոսը: Իրականացվում է տեղի ունեցածի հետաքննություն եւ կասկածյալների որոնում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դատապարտել է հակասեմիտիզմի դրսեւորումը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում միջադեպի մասին հաղորդագրություններից հետո: Հանգստյան օրերին Լոնդոնում ցույց է անցկացվել ի պաշտպանություն Պաղեստինի: Իսրայելի դեսպանատնից ոչ հեռու բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ բողոքի մասնակիցների միջեւ: Ինը ոստիկան վերքեր է ստացել, բողոքի մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել է: Մայիսի 10-ի երեկոյան կտրուկ սրվել է իրադրությունը Իսրայելի եւ պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին: Էսկալացիայի սկզբից ի վեր պաղեստինյան խմբավորումները Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 3 հազար հրթիռ, որոնցից 1210-ը կալանվել է:
Ինչպես հաղորդել են Մոսկվայում Պաղեստինի դեսպանությունից, վերջին տեղեկատվության համաձայն, Իսրայելում զոհվել է 10 մարդ, շուրջ 50 հոգի ծանր վիրավոր են: Իսրայելը նույնպես հարյուրավոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելական ավիահարվածների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 218-ի, զոհվածների թվում կա 58 երեխա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: