
Տղամարդը մարմնական վնասվածքը ստացել էր գողացած հեծանվով ընկնելու հետևանքով

Մայիսի 5-ին հիվանդանոց բուժօգնության դիմած 62-ամյա քաղաքացին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի ճանապարհին հեծանվով ընթանալիս անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ տղամարդն իրականում վրաերթի չի ենթարկվել, այլ մայիսի 5-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Թալին քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի շքամուտքից հեծանիվ էր գողացել, որով երթևեկելիս էլ մթության պատճառով չէր նկատել ճանապարհի շրջադարձը, դուրս էր եկել երթևեկելի հատվածից և ընկել քարերի վրա՝ ստանալով վնասվածքներ:
Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: