Ադրբեջանը ՀՀ տարածքից որոշակի զորք հանել է, բայց խնդիրը կարգավորված չէ․ եթե դուրս չգան, ապա ստիպված կլինենք այլ գործիքներ կիրառել, կներգրավենք մեր դաշնակիցներին․ Արմեն Գրիգորյան
Բոլոր հարցերը արդեն հարթվել են, չէինք ասի, որ ամբողջովին կարգավորված է, բախում չի եղել, բայց կարող ենք ասել, որ այդ իրավիճակը հանդարտվել է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանին իրավիճակին։
«Սա գլոբալ գործընթաց է, այս գործընթացով մարտահրավեր է նետվում նոյեմբերի 9-ի հայտարարությանը և տորպեդահարվում է ամբողջ ապաշրջափակման գործընթացը»,–ասաց նա։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ այս առումով ՀՀ իշխանություններն ընտրել ենք դիվանագիտական քաղաքական ճանապարհով հարցը լուծելու ճանապարհը և համաձայնեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որ նստել և զրուցել են։ «Մինչ այս պահը իրավիճակը չի սրվել, նկատի ունեմ, որ ոչ մի կրակոց չի հնչել»,–ասաց նա։
ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի մոտ առկա քարտեզների համաձայն՝ այդ ամբողջ տարածքները մերն են։ «Սահմանների ճշգրտման հարցով աշխատանքներ սկսենք, միաժամանակ մեր շահերից է բխում, որ սահմանը հստակեցվի՝ գոյություն ունեցող քարտեզների և բանակցությունների միջոցով և այս հարցի լուծումը տեսնում ենք եռաչափ ձևաչափով՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան»,–ասաց նա։
Սյունիքի մարզի վերաբերյալ Արմեն Գրիգորյանը նշեց, որ պայմանավորվածությունը եղել է, որ Ադրբեջանը հետ քաշվի, բայց այդ պայմանավորվածությունը մինչ այս պահը ամբողջությամբ ի կատար ածվի։ «Մեզ համար շատ կարևոր և սկզբունքային դիրքորոշում է, որ Ադրբեջանը պետք է վերադառնա ելման կետ։ Որոշակի զորք հանել է Ադրբեջանը, բայց խնդիրը չենք համարում կարգավորված»,– ասաց նա և նշեց, որ եթե չվերադառնան Հայաստանը ստիպված է լինելու այլ գործիքներ կիրառի, կներգրավենք մեր դաշնակիցներին։
Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ բանակցությունները միայն այս խնդրի մասին են, չի կարող
այս բանակցությունները փոխկապակցվել ցանկացած այլ հարցի հետ՝ դա կլինի Ղարաբաղ, ապաշրջափակում։ «Սա առանձին խնդիր է և առանձին պետք է լուծվի»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացրած քարտեզին, նա ասաց, որ ցանկացած թուղթ քարտեզ չէ։ «Ադրբեջանի ցույց տվածը քարտեզ անվանելը մասնագիտորեն մեղք է, Ադրբեջանը թուղթ է ցույց տալիս, մենք այդպիսի շատ թղթեր կարող ենք տպել ու ցույց տալ»,–ասաց նա։
Խոսելով առաջնագծի կահավորման մասին՝ մասնավորապես Սյունիքի այն հատվածի, որտեղով հակառակորդն անցել է ՀՀ տարածք, նա ասաց, որ բոլոր կետերը, ընդհանուր առմամբ, ստրատեգիական են։
«Նախ այդ կետի մասով ոչ միայն մենք այդտեղ աշխատանքներ չենք կատարել, ադրբեջանցիներն էլ չեն կատարել։ Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ ընդլայնվել է, շատ մեծ սահման է դարձել, Պաշտպանության նախարարությունը լայնածավալ աշխատանքներ է կատարում սահմանը կահավորելու համար։ Այնտեղ զինված զինվորականներ են եկել, զինտեխնիկա չկա։ Ընդհանուր գնահատում էլ է կատարվել Պաշտպանության նախարարության կողմից, թե որ կետերն են հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման համար և կահավորումներ այդ մասում կատարվել են, բայց այս մասում գնահատական չի եղել և ընդհանրապես այնտեղ ռազմական տեխնիկա բերելու հնարավորություն չկա»,–ասաց նա և նշեց, որ չորեքշաբթի վերսկսելու են բանակցությունները