Մենք կարող ենք Սիսիանի, Գորիսի, բոլոր մեծ բնակավայրերի օդը փակել, դիտավորյալ դա տեղի չի ունենում. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը երկու օր անցկացրել է Սյունիքում և Վայոց Ձորում, ու նրա տպավորությամբ՝ թշնամին պատրաստվում է հարձակման:

«Մենք ինչքան զգոն չլինենք, անտարբեր վարքագիծ դրսևորենք, թող չմտածեն, որ միայն տարածքային կորուստներ ենք ունենալու: Այն, թե ինչ աղետ է մեզ սպասում, այդ գիտակցումը չկա: Թշնամին երկու տարի է՝ հարձակում գործելու բոլոր աշխատանքները Նախիջևանի կողմից ավարտել է: Խաչիկ գյուղի դիմաց կանգնած են իրենց դիրքերը, որոնք 2 տարի առաջ չկային, և մենք բարենպաստ վիճակում էինք գտնվում: Իսկ գյուղացին չունի զենք: Մեր սահմանամերձ գյուղերին դիտավորյալ չեն զինում: Մեր քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ չեն պատրաստում պատերազմական գործողությունների դիմադրությանը: Մենք կարող ենք Սիսիանի, Գորիսի, բոլոր մեծ բնակավայրերի օդը փակել, դիտավորյալ դա տեղի չի ունենում»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանն էլ հարց բարձրացրեց. «Ուզում եմ իմանալ՝ քաղաքական ուժերը, որ ձևավորում են դաշինքներ, արդյո՞ք համամիտ էին այն բոլոր կորուստների հետ, որ մենք ունեցանք մինչև հիմա: Գուցե բոլորի համար Արցախը բեռ էր, սպասում էին ազատվել, որից հետո սկսեին քաղաքական գործընթաց՝ կոնկրետ իշխանությունը վերցնելու համար: Երբ կարելի էր ընդհանրական ճակատով, նույնիսկ առանց ընտրությունների, փողոցի միջոցով Նիկոլին ուղարկել ճաղերի հետևը: Չգիտես ինչու՝ այս պրոցեսը ձգվեց, հանգեցրեց ընտրությունների, հիմա էլ փոխանակ միասնական ճակատով գնային ընտրությունների, ամեն մեկն առանձին-առանձին գնում է, թե ինչ նպատակով՝ ինձ համար անհասկանալի է: Ես ուզում էի բոլորի ելույթներում տեսնել, թե իրենց ծրագրերում հաղթելու դեպքում Արցախի նկատմամբ վերաբերմունքը ո՞րն է: Արժանապատիվ խաղաղության համա՞ր ենք ուզում իշխանություն վերցնել Նիկոլից: Շատ կարևոր հարցեր են, որոնց պատասխանները ես ուզում եմ ստանալ: Ինչո՞ւ չձևավորվեց միասնական ճակատ, ո՞վ դարձավ այն հիմնական պատճառը, որ այն չձևավորվեց:

«Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ ընտրություններից հետո Ալիևը վերցնելու է Սյունիքն ու Քյարքին ու մտածում է՝ ոնց անի, որ զոհեր չտա:

«Ժողովուրդ, իմացեք, այս պատերազմում մենք սպանել ենք 18.000 ադրբեջանցու: Բավական էր՝ գազամուղ, նավթամուղ խփեինք ու պրոբլեմ չունեինք հաղթելու: Ես վախենում եմ, որ հիմա շատերի համար սա է շահեկան՝ թող մի քիչ էլ Սյունիքից տա, որ հաստատ կրենք Նիկոլին: Որովհետև ամբողջ Հայրենիքի փրկության ճակատը պետք է Սյունիքում լիներ: Փաստորեն, երեկ ադրբեջանցիները հող ստացան ՀՀ տարածքից: Բարձունք, որտեղից Երևանից Գորիս գնացող ճանապարհը նշանառության տակ է: Նշանառության տակ են Գորիս և Սիսիան քաղաքները»,- նկատեց Հրանտ Բագրատյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս