Դմանիսում սվանների և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Վրաստանի Դմանիս քաղաքում մայիսի 16-ին սվանների և ադրբեջանցիների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք։
Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, ծեծկռտուքին մասնակցել է առնվազն երեք տասնյակ մարդ, որոնք զինված են եղել մահակներով, փայտե և երկաթե ձողերով։ Երեկոյան իրավիճակը սրվել է, իսկ մթերային խանութը, որի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, ավերվել է։ Դեպքի վայր են ժամանել Վրաստանի ուժայինները։
Միջադեպի մանրամասները պատմել է ավերված խանութի վաճառողուհի Սայիդ Իսմայիլովան։ Նրա խոսքով ՝ խանութ են մտել երիտասարդները եւ խնդրել պարտքով գարեջուր տալ։ Կինն ասել է, որ առանց սեփականատիրոջ թույլտվության չի կարող դա անել, որից հետո սկսվել է վիճաբանությունը։
Զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով տուժածների մասին տվյալներ չկան։