«Զորավարժություններ անցկացնել այն փուլում, երբ ընթանում են բանակցություններ, ճշգրտման աշխատանքներ, նշանակում է՝ դրանք միտված են ռազմական իրավիճակն ավելի վատթարացնելուն». Փորձագետ

Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում սկսել է զորավարժություններ, որոնք մեկնարկել են մայիսի 16-ին և կտևեն մինչև մայիսի 20-ը։

Զորավարժություններին ներգրավված են մինչև 15.000 զինծառայող, մինչև 300 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային համակարգեր, ռեակտիվ համազարկային համակարգեր, ականանետեր և հակատանկային զենքեր, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

168.amի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով զորավարժություններին՝ նկատեց՝ անցկացվող զորավարժությունները միջազգային նորմերի կոպտագույն խախտումով ընթացող զորավարժություններ են, որովհետև դրանք անցկացվում են այնպիսի տարածքներում, որոնք օկուպացվել են Ադրբեջանի կողմից։

«Ադրբեջանը հայտարարում է, թե իբր այդ տարածքներն ադրբեջանական են, խոսքը վերաբերում է նաև Շուշիին ու Հադրութին։ Առհասարակ զորավարժություններ անցկացնել այն փուլում, երբ ընթանում են բանակցություններ և դեռևս ճշգրտման աշխատանքներ են տարվում, նշանակում է՝ դրանք միտված են ռազմական իրավիճակն ավելի վատթարացնելուն»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանն այս զորավարժություններով առաջին հերթին փորձում է Հայաստանին հասկացնել, որ ինքն այնքան ուժեղ է, որ Արցախում լայնածավալ պատերազմից հետո ի զորու է անցկացնել լայնամասշտաբ զորավարժություներ։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը հստակ մեսիջ է հղում Հայաստանին, որ դրանց նպատակն անհայտ զինված խմբավորումների, ահաբեկիչների դեմ պայքարն է։

«Նրանք փաստացի ցանկանում են Արցախի տարածքի համար ասել, որ այդ հատվածում գտնվող բոլոր զինված մարդիկ, իրենց համար զինված խմբավորում են, ահաբեկիչներ են։ Այսինքն՝ այդ զորավարժությունները բազմաթիվ խութեր ունի։ Այդուհանդերձ, մենք դրանց մասին որքան էլ բարձրաձայնենք, միևնույն է՝ Ադրբեջանն այս զորավարժություններն անցկացնելու է, մենք որևէ միջազգային արձագանքի չպետք է սպասենք»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է զորավարժությունների ընթացքում հնարավոր սադրանքներին, ռազմական փորձագետը շեշտեց, որ թշնամին կդիմի սադրանքների։

«Այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, դրանց սահմանակից հատվածներում, դրա վառ ապացույցն է, որ Ադրբեջանը փորձելու է իր հայտարարած զորավարժության տրամաբանության ներքո, այսինքն, որ իբր պայքարում են զինված խմբավորումների դեմ՝ դիմել սադրանքների»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս