Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին

Մայիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին:

Դեսպան Թումանյանը տեղեկություններ փոխանցեց ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժման հետևանքով ստեղծված վիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկեցին «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները:

Նախարար Էսլամին հայտնեց ԻԻՀ ղեկավարության պատրաստակամությունը վերը նշված կարևորագույն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որն ըստ նախարարի, միտված է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը:

Դեսպան Թումանյանն ընդգծեց հյուսիս-հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա բխում է ծրագրում ներգրավված բոլոր երկրների շահերից և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված նկրտումները սանձող լավագույն հակազդեցության միջոց է:

Տեսանյութեր

Լրահոս