Ադրբեջանն ուժեղացնում է սահմանների պաշտպանության համակարգը իր տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի մեղադրանքներն անհիմն են. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անհիմն է համարում Հայաստանի ինքնիշխանության ոտնահարման մեղադրանքները, ասել է նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:

«Հայաստանի պնդումները, թե իբր Ադրբեջանը խախտել է իրենց «ինքնիշխան տարածքը», բացարձակապես անհիմն են: Ադրբեջանը շարունակում է ամրապնդել սահմանների պաշտպանության համակարգը`իր տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր կողմի քարտեզների հիման վրա, որոնք սահմանում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գիծը: Մենք միշտ հարգել ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անձեռնմխելիությունը», – ասաց Աբդուլլաևան:

Ըստ նրա, այդ սկզբունքների փոխադարձ հարգանքը, բարիդրացիության վրա հիմնված հարաբերությունների կառուցումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ բոլոր հնարավոր վեճերի լուծման միակ միջոցն է:

«Հայաստանը և Ադրբեջանը նոր են դուրս եկել պատերազմից, ուստի սահմանների հաջող դեմարկացիան և դելիմիտացիան կարևոր դեր է խաղում խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Կցանկանայի ընդգծել նաև, որ վերջին ամիսներին կողմերի միջև տարաձայնություններ են առաջացել սահմանային հարցերի շուրջ, որոնք լուծվել են կողմերի բանակցությունների միջոցով: Մենք կարծում ենք, որ նման տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով», – հավելեց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին` ճանաչել միջպետական սահմանային ռեժիմի իրողությունը միջազգային սահմանի երկայնքով, կանխել իրավիճակի անհիմն սրումը և երկկողմ ճանապարհներով կառուցողական լուծել ադրբեջանական կողմի հետ սահմանային խնդիրները: Նման դեպքերը կարող են և պետք է լուծվեն երկու կողմերի համապատասխան սահմանային իշխանությունների միջև փոխադարձ շփումների միջոցով», – ասել է Աբդուլլաևան:

Նա նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում առկա լարվածության կարգավորմանը, իսկ մյուս կողմին կոչ է անում համապատասխան քայլեր ձեռնարկել:

Տեսանյութեր

Լրահոս