Բաժիններ՝

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է ապրիլի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը, պետք է որոշի՝ շարունակե՞լ կյանքը Վասիլի հետ, թե՞ ոչ։ Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը կերպարների նկատմամբ: Թարգմանությունը՝ Նաիրի Խաչատրյանի։

Երկրորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր ուշ երեկոյան ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Զարա Բաբայանի «Կրկին ծնվածները» երրորդ տեղում է: «Կրկին ծնվածները» վիպակը Ցեղասպանության խորքը մինչև վերջ բացելու հնարավորություն ընձեռող պատմություն է՝ որքան անհավատալի, նույնքան հավատարժան, որքան իրական, նույնքան հրաշալի։ Թարգմանիչ՝ Ներսես Աթաբեկյան:

Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» չորրորդ տեղում է: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը: Վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածություն է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները: Թարգմանիչ` Ջեննի Ֆիլյան:

Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ» գիրքը հինգերորդ տեղում է: Քոնելն ու Մարիաննան մեծացել են միեւնույն փոքր, գավառական քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան՝ միայնակ: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է: Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում: Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ երկչոտ ու անվճռական Քոնելը երկրորդական դերում է: Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում: Թարգմանիչ՝ Աստղիկ Սարգսյան:

Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեցերորդ հորիզոնականում է: 1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է: Գյուղաբնակ Զուլեյխային հարյու- րավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր: Ոչ տառաճանաչ գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգարա գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը: Թարգմանիչ` Նաիրա Խաչատրյան։

Յոթերորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով դիտված: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպն օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Ութերորդ տեղում Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակն է: Այն Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Իններորդ հորիզոնականն է զբաղեցնում Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկոն»: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է: Թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:

Տասներորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերման» գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս