«Ես էլ եմ ստանում մտահոգիչ տեղեկություններ սահմանային իրավիճակի վերաբերյալ». Թագուհի Թովմասյան
168.am-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ թշնամին մտել է հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածք և երկար ժամանակ է, ինչ թվով 31 զինծառայողներ գտնվում են շրջափակման մեջ։ Ըստ մեր աղբյուրի թշնամին՝ Խորհրդային Միության Հայաստանի տարածքից 2 կիլոմետր առաջ է եկել։
168.am-ը լուրը փորձեց ճշտել ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանից, Նա, լսելով մեր հարցը, կարճ մեկնաբանեց.
«Ես էլ եմ ստանում մտահոգիչ տեղեկություններ սահմանային իրավիճակի վերաբերյալ և այդ առնչությամբ ճշգրտումներ եմ անում»։
Նշենք, որ տելեգրամային որոշ ալիքների հաղորդմամբ՝ թվով 20 զինծառայողներ են շրջափակման մեջ հայտնվել:
168.am-ը լուրը քիչ առաջ փորձել է ճշտել Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանից:
«Մի քիչ առաջ մեզ տեղեկություններ հասան, բոլոր դիրքերի հետ կապ ենք հաստատել, հիմա մենք շտաբում ենք՝ համայնքապետարանում, ոչ մի տեղից այդ լուրը չհաստատեցին, անձամբ ես եմ խոսել։
Դիրքավորված են և մյուս կողմը, և մեր կողմը։ Երեկ էլ եմ ասել, որ դիրքերը մեկ գծով չեն՝ ուղիղ գծով չեն, հասկանում ենք՝ մեկը մյուսի թիկունքում։ Տեղեր կան, որ մենք ենք իրենց թիկունքում, տեղեր կան, որ իրենք են մեր թիկունքում»,-ասել էր համայնքապետը՝ ավելացնելով.
«Վատ է, որ բոլոր խոսակցությունները Վերին Շորժայի հետ են կապում, քանի որ այն, ինչ կատարվում է՝ Վերին Շորժա բնակավայրից 7 կիլոմետր հեռու է»։