Բանակցություններն ամբողջական արդյունք չեն տվել, մեր նպատակն է, որ ադրբեջանական զորքերը վերադառնան ելման կետ. Արմեն Գրիգորյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին
Ադրբեջանի կողմից շարժեր եղել են, բայց մեր բանակը այդ ամենը վերահսկողության տակ է վերցնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Բանակցությունները դեռևս ամբողջական արդյունք չեն տվել և այս պահին մեր նպատակը այն է, որ ադրբեջանական զորքերը վերադառնան ելման կետ, և մինչև չհասնենք դրան, մենք չենք համարի, որ վերջնական լուծված է խնդիրը: Սա պետք չէ դիտել, որպես լոկալ մի գործողություն, սա ընդհանուր պրովոկացիա է Հայաստանի հանդեպ և Ադրբեջանը սա միայնակ չի կատարում»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Նա նաև նշեց՝ դիմել են նաև Ռուսաստանի Դաշնությանը և հույս ունեն՝ իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով, իսկ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր դիրքորոշումը իրավիճակի հետ կապված:
«Բացի ՀԱՊԿ-ին դիմելուց, մենք նաև դիմել ենք ՌԴ-ին, որպեսզի կարողանանք գործարկել միջպետական պայմանագրերը և մենք առաջնային կերպով ուզում ենք, որ այս խնդիրը լուծվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, եթե ոչ այդ ճանապարհով, ապա այլ գործիքներ կիրառել, որպեսզի խնդիրը կարգավորվի: Քննարկումներ են ընթանում և տեղի է ունեցել վարչապետի և ՌԴ նախագահի միջև հեռախոսազրույց և դիրքորոշում է հայտնվել, որ Ադրբեջանը պետք է վերադառնա ելման կետ և սա շատ կարևոր է մեզ համար և մենք այդ ուղղությամբ ենք առաջնորդվում»,- նշեց անվտանգության խորհրդի քարտուղարը:
Արմեն Գրիգորյանը նաև մեկնաբանեց իր երեկվա և նշեց՝ Ադրբեջանը նույնպես չէր հասցրել կահավորել դիրքերը:
«Հայաստանում հետպատերազմյան իրավիճակ է և ունենք բազմաթիվ և բազմապիսի խնդիրներ և բոլորը միանգամից չի հաջողվելու լուծել և նշեմ՝ այնպես չէ, որ Ադրբեջանը հասցրել է ունենալ կահավորում, բայց այդ տարածքներում նրանք չեն ունեցել դիրքեր, քանի որ ձնհալ էր պետք, որպեսզի կարողանանք կահավորումը կազմակերպել»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Նա նաև նշեց՝ իրենց իշխանության լինելը պետք չէ կապել պատերազմի հետ:
«Եթե հիմնավորումը կայանում է նրանում, որ մենք ենք իշխանության ենք, դրա համար է պատերազմ հրահրվում, ապա ինչո՞ւ 2016-ին սկսվել պատերազմ և Սերժ Սարգսյանը ևս հաստատել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցել ենք տարածքային կորուստներ»,- ասաց Գրիգորյանը: