«Իրանից Հայաստանը համարժեք ազդակներ ստացել է և պետք է փորձի գործակցել Իրանի հետ». Վարդան Ոսկանյանը՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին

Մայիսի 12-ից Սյունիքի մարզում թշնամու զինվորականները 3-4 կիլոմետր առաջ են եկել, դիրքավորվել և հետ չեն գնում։ Ընդ որում, թշնամին առաջ է եկել ոչ միայն Սյունիքի, այլև Գեղարքունիքի մարզում։

Թշնամու հետ ընթացող բանակցությունները մինչև այս պահը որևէ արդյունք չեն տվել, նրանք շարունակում են տեղակայված մնալ առաջ եկած տարածքում։

Սյունիքի հարցում Իրանի Իսլամական Հանրապետությունն ինչպե՞ս կարող է օգնել Հայաստանին, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Սյունիքը մեծ կարևորություն ունի նաև Իրանի համար։

168.amի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը պատասխանելով հարցին՝ նշեց. «Իրանի պաշտոնական դիրքորոշումներում հստակորեն արձանագրվել է Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիրը։ Սա արվել է երկու անգամ՝ 44-օրյա պատերազմի վերջում Իրանի հոգևոր առաջնորդի առանձին ուղերձում և Երևան ԻԻՀ արտգործնախարարի կատարած այցի ժամանակ։ Նա արձանագրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար «կարմիր գիծ է։ Այս համատեքստում Իրանից Հայաստանը համարժեք ազդակներ ստացել է և պետք է փորձի գործակցել Իրանի հետ, նաև այդ ազդակների նախանշված շրջանակներում»։

Իրանագետի կարծիքով՝ չափազանց կարևոր ու տեղին կլիներ, եթե ՀՀ արտգործնախարարն այս խնդրով հեռախոսազրույց ունենար Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ։ Երեկ նաև արդեն տեղեկացել են, որ խնդրի համատեքստում տեղի է ունեցել ՀՀ դեսպանի հանդիպումը Իրանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Այդուհանդերձ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ երկու երկրների արտգործնախարարների անմիջական շփումը շատ ավելի արդյունավետ կարող է լինել։

«Սյունիքը ՀՀ անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Հաշվի առնելով Հայաստանում այսօր դեռևս իրենց իշխանություն համարող վարչախմբի ապաշնորհ գործունեությունը և ըստ էության պարտվողական վարքագիծը թշնամական արհեստածին կազմավորման նկատմամբ, որևէ ակնկալիք ունենալը պատրանքային կլինի։ Հետևաբար՝ առաջին անհրաժեշտություններից մեկն այն է, որ Հայաստանը նման աղետալի վիճակի հասցրած վարչախումբը  պետք է հեռանա, և նրան փոխարինեն ազգային առողջ ու կարող ուժեր։ Եթե ադրբեջանական բաշիբոզուկները ՀՀ տարածքը չեն լքում խաղաղ բանակցությունների արդյունքում, ապա նրանք ուղղակի պետք է դուրս շպրտվեն, որովհետև դա մեր պետության, ազգաբնակչության անվտանգության խնդիրն է։ Այս առումով շատ կարևոր է նաև դաշնակից պետության՝ ՌԴ-ի  հետ նորմալ հարաբերությունների ու աշխատանքային մթնոլորտի ձևավորումը»,- հավելեց Վարդան Ոսկանյանը։

Նա ընդգծեց՝ որպեսզի Հայաստանը կարողանա վերը նշված քայլերն իրականացնել, պետք է ունենա ազգային ու առողջ իշխանություն, որոնք առաջին հերթին կհասկանան բոլոր խնդիրները և ունակ կլինեն ձևավորելու համապատասխան գործընկերային հարաբերությունների դաշտ՝ ռազմավարական դաշնակիցների ու բարեկամ պետությունների հետ, որոնց թվում՝ առաջնային դերակատարություն ունի Իրանը։

Տեսանյութեր

Լրահոս