Սև լճի հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են. Գորիսի փոխքաղաքապետ

Սյունիքի մարզի Սև լիճ տեղանք ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների ներթափանցման հարցով ժամեր առաջ մեկնարկած բանակցություններն  ավարտվել են:

Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Նա, սակայն, բանակցություններից այլ մանրամասներ չհաղորդեց՝ նկատելով. «Բանակցություններն ավարտվել են, բայց արդյունքների մասին որևէ տեղեկություն չունեմ»:

Հարցին՝ արդյո՞ք վաղը ևս բանակցությունները շարունակվելու են՝ Գորիսի փոխքաղաքապետը պատասխանեց՝ այո:

Հիշեցնենք՝ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ավելի վաղ հայտնել էր,որ ժամը 12-ին վերսկսվելու են բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք երեկվանից հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը՝ 3,5 կիլոմետր խորանալով Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում։
«Առաջին բանակային կորպուսն է բանակցելու։ Ժամը 12-ի կողմերը պետք է վերսկսվի»,- ասել էր Մենուա Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել էր Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը:

Հարցով այսօր կրկին հրավիրվել էր  ԱԽ նիստ, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է. «ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության խորը և համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ: Նկատի ունեմ՝ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը հնարավոր է հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով»:

Տեսանյութեր

Լրահոս