«Դա ստոր մոտեցում է, նաև՝ դավաճանության շարունակություն». Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
«Եթե հանկարծ լրատվամիջոցները չիմանային Սև լճի ուղղությամբ թշնամու առաջխաղացման մասին, ի՞նչ էր լինելու այդտեղ, այդպես սուսուփուս հանձնվելու էր, և դա չէր դառնալու պաշտպանության տարա՞ծ՝ մեր պետության կողմից: Իշխանություններն ամբողջ օրը փորձում էին մեղադրել լրատվամիջոցներին, մարդկանց, ովքեր տեղեկություններ էին հայտնում, բայց պարզվեց, որ խնդիրը կա և ավելի մեծ էր իր ծավալներով, քան ներկայացնում էր մամուլը. 3.5 կիլոմետրի կեսը դավաճան Նիկոլ Փաշինյանի ավելացրածն էր, լրատվամիջոցները չէին նշում, թե ինչքան են առաջ եկել: Ես այստեղ լեգիտիմ հարց է առաջանում՝ ի՞նչ վիճակում են ՀՀ սահմանները՝ մինչ այս պահը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունների կողմից հայտարարված «մեդիատեռորը» և լրատվամիջոցների հասցեին ուղղված մեղադրանքներն ուղղված էին ամեն ինչ կոծկելուն. «Դա իշխանության դավաճան մոտեցումն է՝ մեր պետական շահի, մեր պետական սահմանների, մեր ժողովրդի անվտանգության նկատմամբ: Խնդրի քննարկման առարկա է դառնում միայն այն, ինչը հայտնի է դառնում հանրությանը: Եթե չլիներ այս հայտնիությունը, չհրապարակվեր այս ամենի մասին, հնարավոր է՝ մենք պարզապես կորցնեինք այդ տարածքները, որը լուրջ հարված կլիներ մեր երկրի անվտանգությանը»:
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ից նախատում էր առաջնագծի կահավորման վերաբերյալ հարց հնչեցնող պատգամավորին՝ ասելով. «Ոչ միայն դուք, այլ նաև ադրբեջանցիները, չեք կարող տեսնել այն ամենն, ինչ արվում է, որովհետև դրա մեծամասնությունն արվում է գաղտնի։ Այն առաջնագիծը, որը տեսանելի է, վատ առաջնագիծ է, և փառք Աստծո, ո՛չ դուք, ո՛չ ադրբեջանցիները չեք կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Սյունիքի դեպքերը ցույց չտվեցի՞ն, որ պատգամավորի մտահոգությունները տեղին էին: Ի պատասխան՝ նա հետևյալն ասաց. «Սյունիքի դեպքերը ցույց տվեցին, որ այնքան անտեսանելի աշխատանք է տարվել, որ թշնամին անցել է այդ առաջնագծով և չի տեսել, որ այդտեղ առաջնագիծ կա: Իհարկե, բոլոր մտահոգությունները տեղին են: Ինչպե՞ս կարելի է օրը ցերեկով 3.5 կիլոմետրով խորանալ պետության տարածք, և դրանից հետո նոր բացահայտվի, ընդ որում՝ ահազանգն էլ հովիվից է եկել: Պարզ է, որ մենք լուրջ խնդիր ունենք առաջնագծում»:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքում որևէ միջադեպ չի գրանցվել, վիրավորներ չկան, նա հեգնեց. «Փառք Աստծո, որ հենց այնպես եկել՝ գրավել են այդ տարածքները, հիմա էլ կխնդրեն, կհամոզեն, որ հետ գնան: Դե, հասկանում եք, որ սա անգամ անլուրջ վերաբերմունք էլ չի կարելի կոչել, սա մաքուր դավաճանություն է՝ պետական շահի և պետական անվտանգության, և ցավոք, այս իրողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ղեկավարվում է դավաճան իշխանության կողմից»:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացմանը, ասել է. «Ընդամենը մի հատ դիրք է, ոչ մի առաջ չկա, այդ դիրքն է, մի հատ բարձունք կա այդտեղ, ընդ որում, չպահպանվող բարձունք էր, նման բարձունքներ ամեն տեղ կա։ Դեռ սահմանային այս խնդիրները հստակեցված չեն, դա տևական պրոցես է լինելու, մինչև որ վերջնականապես պետական սահմանի հետ կապված բոլոր հարցերը ինչ-որ պայմանագրով կլուծվեն»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեցինք՝ Անդրանիկ Քոչարյանի այս պատասխանը Ձեզ բավարարո՞ւմ է, և ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը:
«Ինչպե՞ս կարող է այդ պատասխանը ինձ բավարարել, երբ դրա մի մասը լկտի սուտ է, մյուս մասը՝ խոստում, որ նման դեպքեր էլի են լինելու, էլի կգան մեզանից տարածքներ կգրավեն, և վերջին հատվածում խոսք, որ՝ մենք պատրտաստվում ենք փաստաթղթի տեսք տալ դավաճան, կապիտուլյանտի ստորագրությամբ հանձնված տարածքներին: Երեք կետերով էլ ստոր արարածի արտահայտություն է և ստոր մոտեցում է, նաև՝ դավաճանության շարունակություն է՝ ժողովրդի և պետության հանդեպ»,- ի պատասխան՝ ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում