Պաշտպանները միջնորդեցին վերացնել Սերժ Սարգսյանի խափանման միջոցը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում պաշտպանները դատարանին միջնորդեցին վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը երկրից չբացակայելու վերաբերյալ:

Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն անդրադարձավ խափանման միջոցի հիմքերին, Սերժ Սարգսյանի գործունեությանը, 1990-ական թվականներից նրա զբաղեցրած բարձրաստիճան պաշտոններին՝ հռետորական հարց բարձրացնելով՝ «ՀՀ Երրորդ Հանրապետության պատմության մեջ շա՞տ են այսպիսի կենսագրություն ունեցող անձինք»:

Մակինյանն անդրադարձավ քննիչի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշմանը, նշեց, որ դրանում չկա նշում այն մասին, որ այս որոշումը կայացրել է քրեական գործով ձեռք բերված բավարար հիմքերի հիման վրա: Մակինյանը նաև անդրադարձավ այն դեպքերին, երբ Ս.Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման ընթացքում դատարանի թույլտվությամբ Սերժ Սարգսյանը լքել է երկիրն ու սահմանված ժամանակահատվածում վերադարձել:

Սերժ Սարգսյանի մյուս պաշտպան Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ հենց օրենսդրությամբ է նախատեսված, որ մեղադրյալի հանդեպ միշտ չէ, որ պետք է կիրառել խափանման միջոց:

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի խոսքով՝  իր համար ևս ընդունելի է  ձևակերպումը, թե մեղադրյալի նկատմամբ միշտ չէ, որ պետք է կիրառել խափանման միջոց, բայց հայտնեց, թե խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առել հիմքերը և փաստարկել է, որ Սերժ Սարգսյանի պատշաճ վարքագիծն ապահովելու և գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը կանխելու նպատակով է ընտրվել խափանման միջոցը:

Դատախազը հիշեցրեց չկայացած դատական նիստերից մեկը, երբ Սերժ Սարգսյանի բացակայությունը դատարանը համարել էր անհարգելի, և դատարանին խնդրեց մերժել պաշտպանների միջնորդությունը:

Ի հակադարձում դատախազի վերջին դիտարկման՝ փաստաբան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հիշյալ նիստի չկայացման հիմքում չի եղել Սերժ Սարգսյանի բացակայությունը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի վաղը՝ 14:00-ին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն։

 

Տեսանյութեր

Լրահոս